Թուրքերը հայկական գերեզմանոցի վրա փորձում են ռեստորան կառուցել
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ` Մալքարացի թուրք գրող Ումիթ Բայազօղլուին լրատվամիջոցներին հայտնել է, որ Մալքարայի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում: Ռեստորանի կառուցման աշխատանքները շարունակվում են նույնիսկ այն դեպքում, երբ բոլորին պարզ է դարձել, որ այդտեղ հայկական գերեզման է եղել:
Նշենք, որ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի հյուսիս արևմուտքում գտնվող Մալքարա քաղաքում 1915 թվականի սկզբներին ավելի քան 3500 հայ բնակչություն էր ապրում:
Քաղաքապետարանի՝ քաղաքաշինական ծրագրերի շրջանակում ներկայացված հայտի համաձայն, նախատեսվում է այդտեղ գտնվող փոքրիկ բետոնե շինությունը վերածել ռեստորանի: Հիմքերը փորելու աշխատանքները սկսելուն պես այդտեղ ի հայտ են եկել մարդկային ոսկորներ:
Վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դեմիր Ալի Փալան լրագրողների հետ զրույցում նշելով, որ նույնիսկ իր հայրը չգիտի՝ այդտեղ գերեզման եղել է, թե՝ ոչ, ասել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ են հավաքվել ոսկորները: Փալան նշելով, որ այդ տեղանքը զբոսանքի վայր է, ու որոշ մարդիկ այստեղ ոգելից խմիչք և նույնիսկ թմրանյութ են օգտագործում, ասել, որ անհրաժեշտ է մաքրել տեղանքը:
Գերեզմանատնից փոքր-ինչ հեռու է գտնվում կարծես վերականգնմանը սպասող Սուրբ Թորոս եկեղեցին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եկեղեցին էլ առաջիկա տարիներին մի ուրիշ հայտի զոհը չի դառնա: Սակայն եկեղեցու դեպքում հույս է ներշնչում այն հանգամանքը, որ եկեղեցին գրանցված է հուշարձանների խորհրդում: