Գ. Հարությունյան. Սիրիայում առաջացած ռիսկերը մտահոգում են նաև Արևմուտքին
«Պետք է փաստել, ամրագրել, որ Սիրիայում ընթանում է լայնածավալ պատերազմ` մի կողմից Սիրիայի իշխանությունների, կառավարական զորքերի, որոնց աջակցում են Իրանը, Ռուսաստանը, մասամբ` Չինաստանը, մյուս կողմից` արաբական աշխարհը ներկայացնող վարձկանների, ԱՊՀ երկրներից եկած վարձկանների, Թուրքիայի կանոնավոր բանակի զինյալների միջև, և նրանց բոլորին աջակցում է արևմուտքը` ի դեմս ՆԱՏՕ-ի»,- անդրադառնալով Սիրիայում ընթացող զարգացումներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընթանում Սիրիական պատերազմը և ո՞րն է դրա մոտիվացիան, նա մի քանի հարթություն առանձնացրեց. «Ես դա կորակեի որպես լոկալ խնդիր: Դա կապված է Իրանի հետ` Միացյալ Նահանգներ-Իրան, Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունն է: Ռեգիոնալ հարթությունում դա արաբական աշխարհի կազմալուծումն է, որովհետև Սիրիան պետք է դիտարկել արաբական հեղափոխությունների շարքում: Իսկ գլոբալ առումով պետք է դիտարկել, որ տարածաշրջանում ստեղծվող քաոսը ռիսկեր է առաջացնում Ռուսաստանի և Չինաստանի համար:
Բանախոսը նաև նշեց, որ Արևմտյան աշխարհն այսօր մտահոգված է, քանի որ այդ ռիսկերը սպառնում են նաև Արևմտյան աշխարհին:
Գ. Հարությունյանը մեջբերեց Ֆրանսիայում պատրաստված մի զեկույցից հատված, որտեղ նշվում էր, որ Սիրիայում ավելի շատ իսլամիստներ են կռվում, քան Աֆղանստանում թալիբների կողմից: Նա նշեց, որ կան նմանատիպ մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
Բանախոսը ներկայացրեց նաև խնդրի հումանիտար կողմը, ընդգծելով, որ Արաբական գարնան սկզբից տարածաշրջանում կա 1.5 մլն զոհ և 4.5 մլն փախստական, իսկ միայն Սիրիայում փախստականների թիվը հասնում է 1.5 միլիոնի:
«Նորավանք»-ի տնօրենն անդրադարձավ նաև հայության հետ կապված խնդիրներին ու ասաց. «Մեզ համար Սիրիայի հետ կապված երկու ռիսկ կա: Պետք է իմանանք, որ Մերձավոր Արևելքում մեզ համար եղած համայնքները արևմտահայ մշակութային կոդի կրողներն էին, որոնք այսօր զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը: Այդ երկրի ոչ ստաբիլությունը որոշակի սպառնալիք է նաև Հայաստանի համար` հաշվի առնելով այն աջակցությունը, որը ցույց են տալիս զինյալներին Ադրբեջանն ու Թուրքիան»: