«Գալյա Նովենցը վաստակել է, որպեսզի մենք մեծարենք նրան.... ». ԱԺ-ում մեծարեցին մեծն դերասանուհուն
«Հայտնի դերասանուհի, որ դերասանություն չի անում», «Հայ բեմի և էկրանի ամենահայ դերասանուհի», «Ծուռ աշխարհի շիտակ մարդը».... այս ամենը հայ մեծ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի բնորոշումներն են, որ տրվել են նրան մեծանուն մտավորականների կողմից և որոնք զետեղված են Սերգեյ Առաքելյանի «Գալյա Նովենց» անկեղծ գրքում. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր խորհրդարանում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ մշակույթի ամենավառ դեմքերը, հայ կինոյի, թատրոնի և երգարվեստի երբեք չմարող անունները:
«Գալյա Նովենցը վաստակել է, որպեսզի մենք մեծարենք նրան և իրապես է վաստակել է...Ես բախտ չեմ ունեցել շատ երկար շփվել Նովենցի հետ, բայց վերջին տարիներին Ղազանչյանների ընտանիքի հետ շատ ջերմ ենք.... Ես թատրոնի, կինոյի մարդուն շատ եմ սիրում»,- իր խոսքում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով իրականում չէր ծրագրում ելույթ ունենալ, բայց Գալյա Նովենցի ամուսնու՝ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի խոսքից հետո մտքափոխվեց: Իսկ Ե.Ղազանչյանը հիշեց մի պատմություն. Գալյա Նովենցի 75-ամյակի օրը, երբ ԱՄՆ-ում էին, Գալյան տխուր էր, անգամ անտրամադիր ու թեև հարազատները պատրաստվում էին նշել ծննդյան տարեդարձը, տխրությունը նրան չէր թողնում.
«Հանկարծ դուռը թակեցին, բացեցի, մի ահռելի մե՜ծ ծաղկեփունջ: Մտածեցինք՝ ո՞վ է հիշել, տես է..... Գալյան շատ հուզվեց, բայց առավել հուզվեց, երբ տեսավ, որ ծաղկեփունջը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից է»,- պատմեց Երվանդ Ղազանչյանը:
ԱԺ նախագահն էլ հավելեց, որ որքան էլ փորձեն փնովել Ազգային Ժողովը, այդուհանդերձ կառույցը հասացնում է ամեն հարցով զբաղվել, որ ուղղված է պետականաշինությանը՝ և քաղաքականությամբ, և տնտեսությամբ, և մշակույթով: Մինչ այդ իր ելույթում Վահե Շահվերդյանը, դիմելով նրան, ասաց, որ մինչ օրս չունենք մեծանուն Մետաքսյա Սիմոնյանի մասին պատմող որևէ գիրք և հորդորեց ԱԺ նախագահին աջակցել նման գրքի հրատարակմանը, ինչն էլ Հ.Աբրահամյանը խոստացավ:
Գալյա Նովենցը երկիր ներկայացնող անուն է, իր լռության մեջ փայլատակող, հայ ազգային մշակույթի շքեղությունն է: Ներկաները՝ Ռուբեն Մաթևոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Վահե Շահվերդյանը, Ալբերտ Մկրտչյանը և մյուսները ամենքն իր խոսքում հիշեցին Նովենցի հետ կապված պատմություններ, նրա բնավորությունից, բայց հատկապես լռությունից:
Տ.Մանսուրյանն էլ ընդգծեց, որ Գայա Նովենցը կինոյում Կոմիտասն էր, իր հետ Կոմիտասին բերեց հայկական կինո ու որ հենց այդպիսինն էլ նա կհիշվի...
Նշենք, որ գիրքը լույս է տեսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում