Գյուղաբնակների մեծ մասը հանգստի մասին անգամ չի էլ երազում
Մինչ մայրաքաղաքի բնակիչների մեծ մասն այս օրերին ուսումնասիրում է տուրիստական գործակալությունների առաջարկած ծառայությունները կամ անձամբ է լծվել իր հանգստի կազմակերպման հարցերում, գյուղաբնակներն ամառվա հանգստի մասին չեն էլ երազում:
Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչների հետ Panorama.am-ի ունեցած զրույցների արդյունքում, պարզվեց, որ ոչ աշխատանք ունեցողն է կարող իրեն թույլ տալ հանգստանալ, ոչ չունեցողը, ոչ այգետերը, ոչ էլ անայգի գյուղացին:
«Հիմա բերքի սեզոն է: Ամբողջ տարվա ապրուստն էս մի քանի օրվա աշխատանքից է կախված»,-ասաց Արտաշատի գյուղերից մեկի բնակիչ Գեղեցիկը, ում ընտանիքի համար օրը բացվում ու մթնում է ծիրանանոցում: Ասում է, մի ամսից ավելի է ոչ մի բարեկամի երես չի տեսել, իրեն զանգահարողներին այգի է հրավիրում, եթե գալիս են, դատարակձեռն չի ճանապարհում:
«Էս մի ամսվա եկամուտը հետո բաժանում ենք` ըստ առաջնահերթությունների: Սկզբում կուտակված պարտքերն ենք տալիս, մնացածն էլ պահում` մինչև հաջորդ տարվա ամառ յոլա գնալու համար: Հանգստի մասին երազել էլ մեզ թույլ չենք տալիս: Մեր հանգիստը մի ծառի տակ ընկերներով մի քանի ժամ նստելն է»,-ասաց Գեղեցիկը:
Գյուղում երեխաները մայիսի վերջին` արձակուրդներից առաջ քննարկում են, թե ուր են հանգստանալու: 7-րդ դասարանի Էրիկն ասում է, որ ինքը եկել է`տատիկի մոտ մնալու: Իրենք ապրում են գյուղի վերջին, իսկ տատիկը` առաջին փողոցում: Հանգստի մեկ օր էլ երեխաները միասին են անցկացնում` դասարանով գալիս են Երևան` Մատենադարան, պոնչիկանոց… Էս տարի Գառնի-Գեղարդ են գնացել, բայց բոլորը չէ, որ կարողացել են դասարանի հետ լինել:
Ռուզանան հուլիսի 3-ին երեխաների հետ մեկնելու է Մոսկվա: Երեխաները ներկայացնում են, թե հանգստի են գնում, մինչդեռ Ռուզանան այս տարի ուշացել է, ամեն տարի մայիսին ամուսնու հետ բռնում են արտագնա աշխատանքի ճամփան:
«Մեր հանգիստը վառելիքով, ուտելիքով, տաք հագուստով ապահոված ձմեռն է»,-ասաց Ռուզանան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան