Մանկավարժական համալսարանում կարկտահարված Մրգաշատի բնակչից ուսման վարձ են պահանջել (տեսանյութ)
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Ադմինա Գևորգյանի թոռնուհուց` Մարգարյան Ադմինայից, որը սովորում է Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության ֆակուլտետում, ուսման վարձ են պահանջել: Մինչդեռ որպես կարկուտից 100 տոկոսով տուժած գյուղի բնակիչ նրա ուսման վարձը պետք է զեղչվեր` «առավելագույն չափով»:
Տիկին Ադմինայի Ադմինա թոռնիկը ռեկտորատ է ներկայացրել գյուղապետարանից համապատասխան տեղեկանք, սակայն, ինչպես Մրգաշատ այցելած լրագրողներին ասաց Ադմինա Գևորգյանը, ռեկտորատից հետ են ուղարկել` ասելով, որ այդ առավելությունը նրա վրա չի տարածվում և վերաբերում է միայն հեռակա համակարգում սովորող ուսանողներին:
Մրգաշատի ավագանու անդամ Թաթուլ Սողոմոնյանն ասաց, որ ինքը բազմիցս զանգել է և կառավարության, և կրթության գիտության նախարարության թեժ գիծ, սակայն որևէ հստակ տեղեկություն չեն տրամադրում:
«Եթե կառավարությունը միայն հեռակա համակարգի սովորողներին է օգնում, թող ստացիոնար համակարգի ուսանողները կարկտահարված վազերը տանեն վարձ տան, դեկաններն ու ռեկտորներն էլ վառելիք ունենան», -ասաց Սողոմոնյանը:
Գյուղում, ավագանու անդամի խոսքով, հուսահատ վիճակ է, մարդիկ զգալի տուժել են կարկուտի հետևանքով, ոմանք բռնել են արտագաղթի ճանապարհը, իսկ մյուսներն էլ հողի հետ կռիվ են տալիս: «Հանրապետության նախագահին մենք 80 տոկոս ձայն ենք տվել…հարգելի վարչապետ, վաղը դուք կուզեք դնեք ձեր թեկնածությունը, հետո ո՞նց պտի կարենաք գաք, մեր ոտերը պաչեք: Մեր ուսանողների հարցը հիմնականում չի լուծվում: Եթե կառավարության որոշումը մի հատ ռեկտըր պետք ա չկատարի, ուրեմն պետություն չի սա»,- նկատեց Սողոմոնյանը:
Խոսելով կարկտահարությունից տուժած բնակչությանը կառավարության կողմից հատկացված օգնության մասին, գյուղի ավագանու անդամն ասաց, որ յուրաքանչյուր ընտանիքին ավագանու որոշմամբ 5 լ դիզելային վառելիք են հատկացրել:
«Ձմեռը կպչանի վառելիք են տվել, որ աթար վառելուց կպչան անենք: 5 լ տվել եք, բայց մարդը տանի ինչ անի: Սերմերը բաժանեցին, ինչի՞ն էր պետք, որ բաժանեցին: Կառավարության ղեկավարը եկավ, խորհրդակցության ժամանակ ես ասեցի` ոչ մի օգնություն մի տուր, մարզի ավանդները վերադարձրու, ոչ հողի հարկ ենք ուզում, ոչ ջրի հարկ, ոչ մի օգնություն: Ասեց քյասիբ պետություն ենք, է որ քյասիբ պետություն եք Հայրիկյանին 20 մլն չտայիր, ընչի՞ տվիր, էդ ով էր աշխատել, կարողա՞ ինքն էր աշխատել, մենք էինք աշխատել: Բյուջեի փողը մերն էլ ա նաև, մեր փողերն ա, մենք տանջվենք, քրտնենք …: Դե թող իրանց կնանիքը զոնտիկով գան, կանգնեն հով ծառի տակ, մի ժամ կանգնեն, իմանան գյուղացու ղադրը ինչ ա: Կաբինետները նստած ի՞նչ իմանան` ինչ ա կատարվում գյուղերում: Սոված են, սոված: Էթըմ են դաշտը քաղհան անելու, գլորվում ընգնում են, սոված են: Իրանք գյուղի պատկերը չեն ներկայացնում, խաբում են հանրապետության նախագահին էլ վարչապետին էլ», -ասաց Սողոմոնյանը` իրավիճակը ճիշտ չներկայացնելու մեջ մեղադրելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված էր. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ մարզի առավել տուժած համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»: Համայնքների ցանկում նշվում էր նաև Մրգաշատ համայնքը:
Կարդացեք նաև`
«Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք». Ծիրանը հերթի մեջ փչանում է, գյուղնախարարությունից ասում են՝ արտառոց բան չկա (տեսանյութ)