Տղամարդիկ նույնն են մնացել. Դաջվածքը պետք է լինի կամ ուսին, կամ մեջքին
Ամռան գալուն պես ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում դիմել սրահներ` մարմնին դաջվածքներ անելու համար:
«Մարդիկ սկսում են ավելի թեթև հագնվել, մարմնի ավելի շատ մասեր են երևում, նրանք էլ ցանկանում են մարմնի բաց մասերը գեղեցիկ տատուներով ցուցադրել»,-միտումն այսպես է բացատրում «Տատու Արտ» քլաբի տնօրեն, «տատու» նկարիչ, նաև դերասան Գագիկ Մկրտչյանը:
Նրա ներկայացմամբ, այսօր թե տղամարդիկ, թե կանայք հավասարապես այցելում են սրահ ու օգտվում ծառայությունից:
«Հիմա շատ ավելի գեղեցիկ պատկերներ ենք անում, ու դրանով պայմանավորված դաջվածքները գնալով գրավիչ են դառնում բոլորի համար»,-ասաց Մկրտչյանը:
Գագիկն իր մարմնի վրա որևէ դաջվածք չունի, բայց բոլոր իր աշխատանքները` ուրիշի մարմնի վրա արված, համարում է իրենը:
«Այսինքն ես շատ-շատ դաջվածքներ ունեմ»,-ասաց նա:
Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում: Մասնագետն ասում է, անցել են «շաբլոն» պատկերների ժամանակները, երբ մեկի մարմնին մի դաջվածք տեսնելով, բոլորը շտապում էին սրահ ու ցանկություն հայտնում նույն պատկերից ունենալ:
«Հիմա շատ են մարդիկ, ովքեր շատ ավելի լուրջ են վերաբերվում դաջվածք անելուն, այն ընդունում են որպես արվեստի տեսակ, ցանկանում են մարմնին ունենալ շատ օրգինալ պատկերներ»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Տարիների ընթացքում մի բան չի փոխվել. տղամարդիկ նախկինի պես նախընտրում են դաջվածք ունենալ հիմնականում ուսերին ու մեջքին, մինչդեռ կանանց դեպքում նման սահմանափակումներ չկան:
«Շատ խառը տեղերում»,-ասում է Գագիկ Մկրտչյանն ու չի մանրամասնում: Գներն էլ են շատ խառը ու տարբեր` կախված պատկերի բարդությունից ու չափից: Կրկին մանրամասներ չի հրապարակում:
Հարցին, թե ովքեր են ավելի հաճախ դաջվածքներ անում` դերասաննե՞ր, երգիչնե՞ր, քաղաքական գործիչնե՞ր, Գ. Մկրտչյանը պատասխանեց, այսօր բոլոր տեսակի ու մասնագիտության տեր մարդիկ էլ դաջվածքներ անում են:
«Կարելի է դասակարգել այսպես. մարդիկ ովքեր ունեն տատու, մարդիկ, ովքեր կունենա տատու»,-ասաց նա: