Արցախը բոլորին հրավիրում է երաժշտության տոնին` ՏՆՋՐԵ» փառատոնին
Հուլիսի 1-8-ը Արցախում կկայանա ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող դասական երաժշտության պատանի կատարողների «ՏՆՋՐԵ» երրորդ միջազգային փառատոնը:
Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառման նպատակն է՝ Արցախի երիտասարդ երաժիշտներին համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռել, միջազգային երաժշտական կյանքում արցախցի երաժիշտների լիարժեք մասնակցության համար բարենպաստ միջավայր ստեղծել, նպաստել Արցախում դասական երաժշտական մշակույթի զարգացմանը, տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի ստեղծմանը:
Փառատոնի խորհրդանիշը և անունը՝ «ՏՆՋՐԵ» /արցախյան 2000-ամյա սոսի ծառի անունը՝ ղար. բարբառով/, ընտրվել է՝ Արցախի բնական այս եզակի հուշարձանի պահպանման և պաշտպանության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, Տնջրեի շրջակա միջավայրի բարեկարգման նպատակով:
Փառատոնի մասնակից-երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: «ՏՆՋՐԵ-2013»-ին կմասնակցեն ներկայացուցիչներ աշխարհի 13 երկրներից: Փառատոնի մասնակիցները հանդես կգան մենահամերգներով, համատեղ նվագակցությամբ, ինչպես նաև ելույթ կունենան Միջազգային փառատոնային նվագախմբի հետ: Փառատոնային 12 համերգներ տեղի կունենան Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութի շրջանի Տող, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղերում, Մարտունիում և Քարվաճառում: Համերգներին կկատարվեն Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շուբերտի, Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Փառատոնի շրջանակներում, 4 երկրներից հրավիրված դասատուները կանկցկացնեն ջութակի, դաշնամուրի, դաշնամուրային նվագակցության, ջութակի և կամերային անսամբլների վարպետության դասեր:
Փառատոնի առաջին օրը կկազմակերպվի ուղևորություն դեպի Տնջրե: Խորհրդանիշ-ծառի մոտ փոքրիկ համերգով էլ կմեկնարկի «ՏՆՋՐԵ» երրորդ միջազգային փառատոնը:
Համերգներ կազմակերպելով հանրապետության տարբեր անկյուններում, Փառատոնը ձգտում է դասական երաժշտարվեստը հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակիչներին: Տարբեր վայրերում փառատոնային համերգների կազմակերպումը, միաժամանակ, ի հայտ է բերում մշակույթի շրջանային կենտրոնների հիմնախնդիրներն ու կարիքները՝ երաժշտական գործիքների, երաժշտական և մեթոդական գրականության պակաս, շենքերի վերանորոգման անհրաժեշտություն, և նպաստում վերջիններիս լուծմանը պետական և հովանավորչական միջոցներով:
«Տնջրե» առաջին միջազգային փառատոնից /2010թ./ ի վեր, տարբեր երկրներից փառատոնի մասնակից դասատուների կողմից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանն է հանձնվել 11 ջութակ, աղեղներ և այլ անհրաժեշտ պարագաներ, երաժշտական գրականություն, 1 կլառնետ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսված նախաձեռնության շնորհիվ, փառատոնի աջակիցները ձեռք են բերել 3 դաշնամուր՝ Տողի, Աստղաշենի արվեստի դպրոցների և Քարվաճառի մշակույթի և երիտասարդության կենտրոնի համար: Իսկ Ֆինլանդիայից ջութակի դասատու Գրաժինա Ժերանսկա Գեբերտը, որը մշտական օգնություն է ցուցաբերում Արցախի պատանի երաժիշտներին, սեփական նախաձեռնությամբ հանգանակություն է սկսել՝ Ստեփանակերտի հիմնական համերգային դահլիճի համար նոր ռոյալ ձեռք բերելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան