Ադրբեջանական հանրագիտարանը՝ Հայոց ցեղասպանության մասին. 1.5 մլն. սպանվել, 600 հազ. փախստական են դարձել
Չնայած այսօր Ադրբեջանը փորձում է հերքել Օսմանյան կասրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության փաստը, սակայն ավելի վաղ Ադրբեջանում հրատարակված հանրագիտարանում Հայոց ցեղասպանության փաստը ճիշտ կերպով է ներկայացվել: Այսպես, 1980 թվականին հրատարակված Ադրբեջանի Խորհրդային հանրագիտարանի 4-րդ հատորում նշվում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Օսմանյան իշխանության տեղական կառավարման մարմիններին հանձնարարել են իրականացնել տեղի հայ բնակչության մասսայական կոտորած (ցեղասպանություն): 1915-1916 թթ. 1.5 միլիոնից ավելի հայ է սպանվել, 600 հազարից ավելի՝ արտաքսվել է Միջագետքի անապատները: 300 հազարից ավելի հայ ապաստան է գտել Ռուսաստանում: Աքսորված հայերի մի մասն էլ բնակություն են հաստատել Մերձավոր Արևելքում, Ամերիկայում և Եվրոպայում»:
Այսօր Ադրբեջանում այդ փաստերը բոլորովին այլ կերպ են նկարագրվում: Օրինակ, այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Բաքուն «կաջակցի Թուրքիային՝ նրա կողմից տարվող «ցեղասպանության» մասին հայկական ստի դեմ պայքարում»:
Հատկանշական է, որ հենց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Ադրբեջանում նշում են «թուրք զինվորի հիշատակը»: Այդ «ավանդույթը», ինչպես հայտնել է ադրբեջանական «Վեստի.ազ» կայքը, շրջանառության մեջ է մտցրել 2005 թվականին Ադրբեջանի միասնական ազգային ճակատ կուսակցությունը: Միաժամանակ, թուրք զինվորների «հարգանքի օրը» Ադրբեջանը նշվում է նաև սեպտեմբերի 15-ին՝ 1918 թվականին թուքական զինված ուժերի կողմից Բաքվի գրավման օրը, երբ քաղաքի գրավումից անմիջապես հետո հազարավոր հայ խաղաղ բնակիչ է սպանվել: