Եգիպտոսի նախագահը մերժել է բանակի վերջնագիրը
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին մերժել է բանակի տված 48 ժամ վերջնագիրը, որի ընթացքում նա լուծելու էր երկրում սկսված ճգնաժամը: Բանակը նախազգուշացրել էր, որ միջամտելու է այն դեպքում, եթե կառավարությունը չկատարի «եգիպտացի ժողովրդի կամքը»: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով նախագահի գրասենյակի հայտարարությանը:
Փաստաթղթում ասվում է, որ «ժողովորդավար եգիպտական պետությունը 2011 թվականի հունվարի 25-ի հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումն է: Ոչ մի դեպքում հետ կանգնել չի կարելի, քանի որ ժողովուրդը զոհաբերել է իր արյունը, երեխաներին և կայունությունը, որպեսզի կառուցի նոր երկիր: Երկրի ղեկավարությունը արդեն լուրջ քայլեր է ձեռնարկել, որպեսզի գործի դնի «ազգային հաշտության» նախագիծը»:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Եգիպտոսում նախագահ Մուրսիի նախագահության մեկ ամյակը նշվել է զանգվածային մեծ ցույցերով: Միայն Կահիրեում և Ալեքսանդրիայում փողոցներ են դուրս եկել միլիոնավոր մարդիկ, ովքեր դժգոհ են Մուրսիի կառավարումից: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ, տարբեր տվյալների համաձայն՝ այն տատանվում է 5-14-ի սահմաններում: Վիրավորվել է ավելի քան 600 մարդ: Ցուցարարները Կահիրեում հրկիզել և թալանել էին նաև իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցության շտաբ-բնակարանը: Եգիպտոսի պետական Mena գործակալությունը հայտնել էր, որ հրաժարական է տվել ԱԳ նախարար Մուհամեդ Քամել Ամրը: Եթե նրա դիմումը ընդունվի, ապա ԱԳ նախարարը կմիանա այն հինգ նախարարներին, ովքեր արդեն նախօրեին հրաժարական էին տվել: Նրանք էին բնապահպանության, արդարադատության, կապի, տուրիզմի և խմելու ջրի ու սանիտարական հարցերով նախարարները:
Եգիպտոսի ընդդիմությունը Մուրսիին նույնպես մինչև հուլիսի 2-ը՝ տեղի ժամանակով ժամը 17.00-ը, վեջնագիր էր ներկայացրել: Երիտասարդական «Թամառուդ» (Խռովություն) շարժումը, որը հունիսի 30-ի զանգվածային ցույցերի կազմակերպիչն է, նախագահից պահանջել էր վայր դնել իր լիրազորությունները և երկրում արտահերթ ընտրություններ անցակցնել, հակառակ դեպքում բոլոր հրապարակներում զանգվածային ցույցեր և ընդհանուր քաղաքացիական անհնազանդության սկսելու կոչ կանեն: