Գեղամյանը Ստամբուլում հիշեցրել է Մեծ եղեռնի մասին (տեսանյութ)
Թուրքական Ստամբուլում այս օրերին ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը: Թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել Վեհաժողովի նիստում, պարզ կդառնա հայկական պատվիրակության վերադարձից հետո: Սակայն արդեն այսօր «Ազգային միաբանություն» կուսակցության կայքում զետեղված են հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթների տեսագրությունները:
Հունիսի 30-ին ունեցած ելույթում ՀՀ ԱԺ պատգամավորն արձագանքել է Թուրքիայի ղեկավարության բացման խոսքին` այն համեմելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրներին անդրադարձով:
«Հարգելի գործընկերներ Թուրքիայի վարչապետ պարոն Էրդողանի նախօրեի ողջույնի խոսքը, հետագայում` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի և Ջեմալ Չիչեկի ելույթներն ինձ լավատեսություն են հաղորդում, քանզի նրանք համագործակցության կոչ էին անում: Դոլմա-բախչա երեկոյան այցելությունն ինձ ռոմանտիկ միտք հաղորդեց, մասնավորապես, որ 1842-1853 թվականներին այդ հրաշալի համալիրը կառուցվել է հայ ճարտարապետներ Բալյանների կողմից: Վերադառնալիս Թաքսիմ հրապարակի մոտ ես հիշեցի, որ դեռևս 16-րդ դարում թուրքական սուլթան Սուլեյման Հիասքանչը իր անձնական հայ խոհարարի կողմից իր կյանքը փրկելու համար որպես երախտիքի նշան հայկական համայնքին է նվիրել 850 հազար քառակուսի մետր տարածք: Ես նաև հիշեցի, որ 1872 թվականին փորձ է եղել այդ տարածքը խլել հայերից, սակայն թուրքական սուլթանը, այս անգամ Աբդուլ Ազիզը, տեսնելով Սուլեյման Հիասքանչի որոշումը, այն թողել է անփոփոխ: Բայցևայնպես, արդեն Թուրքական հանարպետության ժամանակ այդ հողերը խլեցին հայերից: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը, որ կանգնեցվել էր 1915 թվականին Թաքսիմի հրապարակում, քանդվեց: Ես նաև հիշեցի 2009 թվականի հոկտեմբերի 10-ը, երբ Հայաստանի նախագահը ցուցաբերց քաղաքացիական արիությունը և հավանություն տվեց հայ-թուրքական համաձայնագրերի` հարաբերությունները կարգավորելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունների, ստորագրմանը: Ցավոք սրտի, հայ նախագահի բարի կամքի այդ դրսևորումը չգնահատվեց ոչ թուրքական կողմից, ոչ էլ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից»,- հունիսի 30-ի իր ելույթում հայտարարել է Արտաշես Գեղամյանը ու նշելով, որ այդ օրը նաև Հայաստանի նախագահի ծննդյան օրն է` Ստամբուլից շնորհավորել է նրան:
Շարունակելով խոսքը` Արտաշես Գեղամյանն արձագանքել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Բահար Մուրադովային. «Ինչ վերաբերում է իմ գործընկեր Մուրադովային, ցավոք, երևում է, որ նա վաղուց չի ընթերցել անվտանգության խորհրդակցության Հելսինկյան եզրափակիչ ակտը, հակառակ դեպքում` եթե ընթերցած լիներ, ավելին` կարդացած լիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի Լոխ-Էռնյան ուղերձը` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, երբեք չէր համարձակվի համընդգրկուն կոնֆերանս հրավիրելու առաջարկ անել, քանի որ դա կլիներ խոշոր տերությունների նախագահների նկատմամբ անվստահության ու հարգանքի բացակայության դրսևորում: Դա անթույլատրելի է, սա Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հիմնված է արդեն հինգերորդ ուղերձն է, և Հայաստանը սրբորեն հետևելու է դրանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա