«Գազպրոմը» կիջեցնի՞ գազի սակագինը
«Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում «Գազպրոմ» ընկերության նախագահի մամլո խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել էր, թե հիմա բանակցություններ են գնում հայկական կողմի հետ Հայաստանում գազի գների իջեցման կապակցությամբ, և գազի գները կարող են իջեցվել, եթե Գազպրոմը գնի «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի այն 20%-ը, որը ներկայումս պատկանում է ՀՀ կառավարությանը:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Ըստ էության, Երևանը հիմա բանակցում է Ռուսաստանի հետ գազի գների սուբսիդավորման վերաբերյալ, այսինքն` Երևանը ցանկանում է որոշակի գրանտ ստանալ Ռուսաստանից, որով էլ կվճարի այդ նույն Ռուսաստանին իր իսկ գազի դիմաց: Սակայն, առավել տարօրինակ է այն, որ Ռուսաստանն, ըստ էության, իր գրանտի դիմաց պահանջում է «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնետոմսերը, ինչը հայկական կողմի շահերի տեսանկյունից անընդունելի է»:
Թերթը նշում է, որ դառնալով մոնոպոլիստ գազի շուկայում «Գազպրոմը» որևէ կերպ շահագրգռված չի լինելու գազի գների ցածրացման հարցում, ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը միակ լծակն են, որով հնարավոր է զսպել գազի գները և դրանց վաճառքն անթույլատրելի է: