Մոմավառություն` Հրաչ Մուրադյանի հիշատակին
ՀՅԴ մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հուլիս 2-ին ժամը 19-ին ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպում է մոմավառություն նվիրված Հրաչ Մուրադյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետին սպանել էին ապրիլի 2-ին, հենց գյուղապետարանի դիմաց: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի հարազատներն ու փաստաբանը պնդում են, որ Արայիկը մեղավոր չէ: Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը դաշնակցական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 5000 ԱՄՆ դոլար կպարգևատրի նրան, ով նախաքննությանը արժեքավոր տեղեկություն կհայտնի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասել էր, որ այդ հայտարարությունը արդյունք չի տվել, հակառակ դեպքում նախաքննությունն առաջընթաց կունենար: