Գերգիև, Պլիսեցկայա, Բաշմետ... Մեծանուն արվեստագետները դիմել են ՀՀ նախագահին
Համաշխարհային հռչակ ունեցող մի շարք արվեստագետներ` Վալերի Գերգիևը, Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շեդրինը, Ալեքսեյ Սիմոնովը, Յուրի Բաշմետը, Ալեքսանդր Թորաձեն, Կոնստանտին Օրբելյանը, Գիյա Կանչելին, ինչպես նաև Սերգեյ Համբարձումյանը, Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Էդուարդ Թադևոսյանը, Կարեն Դուրգարյանը, Սոս Սարգսյանը և Հովհաննես Չիքիջյանը նամակ-խնդրանքով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի.
Ընդունեք մեր խորին ցավակցությունները տաղանդավոր կոմպոզիտոր և հասարակական գործիչ, իրական հայ Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: Նրա երաժշտական շեդևրները դեռ երկար չեն իջնի համաշխարհային բեմերից, իսկ նրա ավանդը Հայաստանի մշակութային կյանքում դժվար է գերագնահատել:
Իր երկար և բեղմնավոր կյանքի ընթացքում նա շատ բան է ստեղծել, բայց այդ ամենի շարքում յուրահատուկ և կարևոր տեղ է զբաղեցնում իր իսկ նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծված կոմպոզիտորների ստեղծագործական տունը Դիլիջանում: Այն տարիներին ստեղծագործական տունը հանդիսանում էր միջազգային մշակութային կենտրոն, ուր հանգստանալու և ստեղծագործելու համար գալիս էին Չինգիզ Այտմատովը, Մարսել Մարսոն, Բենջամին Բրիտտենը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մարտիրոս Սարյանը և այլն համաշխարհային մշակույթի վառ գործիչներ, իսկ իր կողմից կառուցված Բետհովենի անվան համերգային դահլիճի ակուստիկան համեմատելի է համաշխարհային համերգային դահլիճների հետ:
Դիմում ենք Ձեզ խնդրանքով` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանել Էդվարդ Միրզոյանի անունով: Դա արժանի քայլ կլինի հավերժացնելու այն մարդու անունը, ով կառուցել է այս կոմպլեքսը, ինչպես նաև կօգնի վերադարձնել արվեստի այս օջախին իր սկզբնական բնույթն ու ֆունկցիոնալությունը: Այդ որոշումը բարձր կգնահատվի հայ և միջազգային հանրության կողմից: Մենք գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ մտավորականության ստեղծագործական գործունեությանը, գիտենք, որ Դուք հնարավորինս աջակցում եք բարի նախաձեռնություններին ու ավանդույթներին, և այդ պատճառով այս նամակով դիմում ենք հենց Ձեզ»,-ասված է նամակում: