Ն.Զոհրաբյան. Անհասկանալի է, թե ինչու է կոմպոզիտորների միության ղեկավարությունը անարձագանք թողել մեծերի խնդրանքը
Համաշխարհային մեծությունները` դիրիժոր Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շեդրինը, Գիյա Կանչելիան և այլ անուններ, որոնց թվում նաև մեր հայրենակից Կոնստանտին Օրբելյանն է դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ին այս մասին պատմեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում ձեռքին էր այդ նամակը:
«Ինձ է դիմել աշխարհահռչակ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի որդին` Արշակ Միրզոյանը. նա փոխանցեց այդ նամակը, որում արվեստագետները խնդրում են Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը վերանվանել Էդվարդ Միրզոյանի անունով: Ես կարծում եմ մենք ինքներս պետք է շահագրգիռ լինենք, որ այն վերանվանվի Է.Միրզոյանի անունով, քանի որ վերջինս արժանի է դրան և արժանի է ավելիին»,- ներկայացրեց նամակի բովանդակությունը Ն.Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մինչ այս պահը կոմպոզիտորների միության ղեկավարությունը անարձագանք է թողել նման մեծերի խնդրանք-առաջարկը. «Որպես ԱԺ պատագամավոր այս հարցին անպայման հետամուտ եմ լինելուն և անպայման բարձրացնելու եմ այս հարցը: Կարծում եմ ինձ կմիանան իմ գործընկերները ևս. Սա այն նվազագույնն է, որ մենք կարող ենք անել մեր մեծերի համար և պարտավոր ենք դա անել»,- նշեց Ն.Զոհրաբյանը, ով տեղեկացրեց նաև, որ Դիլիջանի ավագանին ևս նման որոշում է կայացրել` վերանվանելու վերաբերյալ, սակայն կոմպոզիտորների միության ղեկավարությունը մինչ այժմ անարձագանք է թողել հարցը:
Ի դեպ, Panorama.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում ստորագրությունը ևս առկա է նամակի տակ, նշեց, որ ինքը նախաձեռնությանը միացել է դեռևս անցած տարի, ստորագրել այն և մինչ այս պահը, փաստորեն, չգիտի, թե հետագա ճակատագիրն ինչպիսին է:
Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում մասնավորապես ասված է.
«...Դիմում ենք Ձեզ խնդրանքով` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանել Էդվարդ Միրզոյանի անունով: Դա արժանի քայլ կլինի հավերժացնելու այն մարդու անունը, ով կառուցել է այս կոմպլեքսը, ինչպես նաև կօգնի վերադարձնել արվեստի այս օջախին իր սկզբնական բնույթն ու ֆունկցիոնալությունը: Այդ որոշումը բարձր կգնահատվի հայ և միջազգային հանրության կողմից: Մենք գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ մտավորականության ստեղծագործական գործունեությանը, գիտենք, որ Դուք հնարավորինս աջակցում եք բարի նախաձեռնություններին ու ավանդույթներին, և այդ պատճառով այս նամակով դիմում ենք հենց Ձեզ»:
Նամակում նաև հիշեցում կա, որ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը ժամանակին հանգստացել ու ստեղծագործել են այնպիսի անվանի գործիչներ, ում անունները դաջված են համաշխարհային մշակույթի պատմության էջերում` Արամ Խաչատուրյան, Մարսել Մարսո, Մարտիրոս Սարյան, Չինգիզ Այտմատով, Բենջամին Բրիտտեն և այլք: