Պ.Իմնաձե. Աջարիայում համաճարակային վիճակը կայուն է
«Իրավիճակը Վրաստանում կարմրուկի հիվանդացության դեպքերի հետ կապված կարելի է կայուն անվանել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Պատա Իմնաձեն:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ արձանագրվել է կարմրուկի 5.5 հազար դեպք, որի մեծամասնությունը` 3500-ից ավելին Թբիլիսիում. «Հիմնականում մենք խոսում ենք հիվանդության մասայականության մասին մայրաքաղաք Թբիլիսիում, Ջավախքում, օրինակ, ընդամենը 25 դեպք ենք ունեցել»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է Աջարիայում, ուր հայերի հոսքը ամռան ամիսներին բավականին մեծ է լինում, սակայն պարոն Իմնաձեն հորդորեց չանհանգստանալ և հանգստի հանգիստ մեկնել` Աջարիայում իրավիճակը, նրա խոսքով, հանգիստ է: Եվ կրկնեց` հիմնական խնդիրը Թբիլիսիում:
Նա նաև ավելացրեց. «Ինչ վերաբերում ՀՀ քաղաքացիներին, ապա այս իմաստով մենք չենք անհանգստանում, որովհետև պաշտոնական տվյալների համաձայն ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը կարմրուկից պատվաստված է` 2007թ-ին մասայական պատվաստման գործընթաց է եղել երկրում: Սա նշանակում է, որ հայերը հնարավորինս պաշտպանված են»,- նշեց Պատա Իմնաձեն ու ավելացրեց, որ առավել ևս, եթե հայերը պատվաստված են, մտահոգվելու խնդիր չունեն:
Ինչ վերաբերում է հանրության շրջանում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ-Վրաստան սահմանին կատարվում է պատվաստում և այլն, մեր զրուցակիցը դրանք որպես սուտ որակեց և նշեց, որ նման բան չկա: Վրաստան մեկնողների անվտանգությունն էլ, այսպես ասած, մարդկանց ձեռքում է` ճիշտ է ամեն դեպքում լինել պատվաստված:
Նախորդիվ`
Վրաստանում օրական արձանագրվում է կարմրուկի 100 դեպք. Սանիտարակարանտինային կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով