Ս. Մինասյան. ՌԴ-ն պահպանում է բալանսը տարածաշրջանում, քանի որ նրան գլխացավանք պետք չէ
Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց թվում, սակայն, ամենից շատ քննարկվեցին ռուս-ադրբեջանական կոնտակտները:
Մասնավորապես, հասարակության ու քաղաքական դաշտից տարակուսանքի նոտաներ հնչեցին` ինչո՞ւ է մեր դաշնակիցը զինում Ադրբեջանին, ով չի դադարում ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալ Հայաստանի և Արցախի հասցեին.
«Ես կարծում եմ, որ այն զգայական մոտեցումները այս ամենի վերաբերյալ մի քիչ չափազանցված են. Պետք չէ ունենալ իլյուզիաներ, որ հետո չհիասթափվենք` Ռուսաստանն անում է այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում, մենք որևէ նոր բան չենք տեսնում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Սերգեյ Մինասյանի խոսքով, միևնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է բալանսը տարածաշրջանում, քանի որ նրան էլ ռազմական գործողություններ` գլխացավանք, պետք չէ:
Քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական կողմերը միշտ էլ հայտարարել են, որ Ադրբեջանի ուժի կիրառման դեպքում թիրախում են հայտնվելու ադրբեջանական ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, այդ թվում և Բաքվում: Մինչդեռ Ադրբեջանի համար նույնն անել Հայաստանի նկատմամբ բավականին դժվար կլինի և Բաքուն դա շատ լավ հասկանում է:
«Կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել` նույն վիճակն է այսօր, ինչ երկու տարի առաջ»,- անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսքանից հետո կարելի է ասել, որ պատերազմի վտանգը մեծացել է հայտարարեց Ս.Մինասյանը: