Մենք նեղանում ենք կառավարությունից, հո չե՞նք նեղանում մեր հողից. Ազատամարտիկը պատրաստ է նորից կռվել
56-ամյա Սերոբ Գևորգյանը «ամենահին կուսակցության անդամ» է, «դաշնակ Հայկի թոռը»: Ասում է 90-ականների սկզբին 4 տարի վեց ամիս մասնակցել է արցախյան ազատամարտին, կռվել Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ, Շահումյանի պաշտպանական մարտերին: Պատերազմից հետո քսան տարի դասավանդել է ռազմագիտություն, այնուհետև աշխատել զինկոմիսարիատում: Այժմ ապրում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, աշխատում Մեծամորի ատոմակայանում, ստանում է ընդամենը 55 հազար դրամ աշխատավարձ: «Որպես ազատամարտիկ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չեմ ստանում, չեմ ստացել, չեմ էլ դիմել, որ ստանամ», -նկատում է Գևորգյանը, ով ունի չորս երեխա:
Նրա խոսքով, այժմ շատ կան ազատամարտիկներ, ովքեր պատերազմից հետո ապրում են հեռավոր գյուղերում ու անտեսված են: Իսկ Ազատության հրապարակում ազատամարտիկ ընկերների բողոքը կիսում է. այցելել է նրանց, հայտնել իր զորակցությունը: Սերոբ Գևորգյանի խոսքով, հայը մնում է հայ՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից. հիշում է՝ ռազմի դաշտում ոչ մեկին չի հետաքրքրել «հնչակ է, թե դաշնակ, ՀՀՇ է, թե ԱԻՄ-ական»:
Նա ողջունում է Ազգային ժողովում գեներալ Մանվել Գրիգորյանի անցկացրած օրենքը՝ երկրապահ կամավորականներին կարգավիճակ տալու մասին և շուտով դիմելու է կարգավիճակ ստանալու համար: «Մանվելի նմանները որ չլինեին, հաղթանակի չէինք հասնի: Ամեն մեկն իր գործն արեց, հասանք հաղթանակի», -ասում է նա:
Հարցին, թե եթե պատերազմ վերսկսվի նեղացած ազատամարտիկները նորից դուրս կգա՞ն պայքարի, Սերոբ Գևորգյանը պատասխանեց. «Ես արդեն 56 տարեկան եմ ու առաջին հերթին ես դուրս կգամ, որովհետև երդվել եմ զենքի, իմ հողի ու երկրի վրա: Ես կամ մենք նեղանում ենք կառավարությունից, հո չե՞նք նեղանում մեր հողից ու սրբությունից: Էն ազատամարտիկը, որը չգնաց կռվի, ուրեմն էն ժամանակ էլ ազատամարտիկ չի եղել: Մենք առաջինը ընդեղ կլնենք»: