«Երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»… Դուշման Վարդան … 1992 թ… հուլիսի 3
«Կռվելը հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է»: Իր պարտքը կատարելու համար Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Վարդան Ստեփանյանը` Դուշման Վարդանը, մեկնում է Արցախ:…
1992թ. հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշենում զոհվում է Դուշման Վարդանը:
Դուշման… Այդպես են նրան անվանել ադրբեջանցիները, և այն որպես մականուն մնացել է մարտական ընկերների շուրթերին։
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ Այն մասին, թե ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. ‹‹Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։
1986թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար։
1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Վարդանը մեկնել է Արցախ ՝ առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։ Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլև եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։
Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Փայլուն ռազմական մասնագետ լինելու շնորհիվ Վարդանը դարձել է ԼՂ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար` լինելով Ղարաբաղի բանակի ստեղծողներից մեկը և իր ներդնումն ունենալով գումարտակների կազմավորման գործում։
Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։
«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի…»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան