Եգիպտոսում իշխանափոխությո՞ւն է հասունանում (Տեսանյութ)
Այսօր երեկոյան լրանում է վերջնաժամկետը, որը Եգիպտոսի բանակը սահմանել է երկրի քաղաքական դասի համար. պահանջը մեկն է` ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզ մշակել: Երկու օր առաջ բանակից զգուշացրել էին, որ եթե մինչև չորեքշաբթի երեկոյան քաղաքական գործիչները փակուղուց ելք չգտնեն, բանակն ինքը կառաջարկի ելքը: Փորձագետների կարծիքով` բանակն, ըստ էության, պահանջում է գորոծղ նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը, իսկ այն չստանալու դեպքում պարզապես կդիմի նրան տապալելու քայլին:
Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի տեղեկացմամբ` եթե այսօր ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) Մուհամեդ Մուրսին չհայտարարի իր հրաժարականի մասին, բանակայինները կպաշտոնազրկեն նրան: Սա, փաստորեն, եգիպտական հեղափոխության էվոլյուցիայի հերթական փուլն է:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ «արաբական գարունն» իր վերելքի վրա էր, Եգիպտոսում հրաժարական ներկայացրեց երեք տասնամյակ կառավարած Հոսնի Մուբարաքը: Նրա հեռացումից հետո զինվորականներն անցումային վարչակարգ ստեղծեցին, որը երկրում կազմակերպեց խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Դրանց արդյունքում, փաստացի, իշխանության եկան իսլամիստները` «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները: Մուհամեդ Մուրսին, ով անցած տարի ամռանն ընտրվել էր Եգիպտոսի նախագահ, այդպես էլ չկարողացավ երկրում համերաշխություն հաստատել: Եգիպտական հասարակությունն, ըստ էության, բաժանվել է երկու հատվածի` իսլամիստներ և նրանց հակառակորդներ: Այս հակասության վրա, իր հերթին, խաղում է երկրի բանակը, որի դիրքերը Մուրսիի կառավարման կարճ շրջանում բավականին թուլացել են:
Եգիպտական ճգնաժամի ընթացիկ փուլը Մուրսիի կառավարման տարելիցի առիթն էր: Հունիսի 30-ին երիտասարդական «Թամառուդ» (Խռովություն) շարժումը կազմակերպեց զանգվածային ցույցեր, որոնք նվիրված էին իսլամիստ նախագահի կառավարման մեկ տարվան: Բացի զանգվածային միջոցառումները, հակաիշխանական նախաձեռնության հեղինակները հավաքել են նաև 22 մլն ստորագրություն, որով պահանջում են նախագահի հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Ներկայումս ցույցերը բռնկվել են երկրի ողջ տարածքով:
Անցնող մի քանի օրվա ընթացքում իշխանության հակառակորդների և կողմնակիցների միջև գրանցվել են նաև բախումներ: Զոհերի և վիրավորների հստակ թիվը հայտնի չէ: Միայն նախօրեին Կահիրեի Գիզա շրջանում Մուսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհվել էր 16 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը:
Ըստ տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների` ցուցարարների պահանջներին միացել են նաև տարբեր կուսակցություններ, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու նրա կողմնակիցները, ղպտիական եկեղեցու հոգևոր առաջնորդ Տավադրուս 2-րդը: Վերջինս, մասնավորապես ողջունել է ցուցարարների` 2011 թվականի կորսված հեղափոխությունը հետ բերելու նախաձեռնությունը և նրանց գլխավոր պահանջը՝ Մուրսիի հրաժարականը:
Փորձագետների գնահատականով` Մուրսին և իր իսլամիստ դաշնակիցները հայտնվել են ժողովրդի դեմ միայնակ վիճակում: Նրա դեմ է տրամադրված նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Մուրսիին լսել ժողովրդի պահանջը: Գործող նախագահի դեմ են նաև երկրի ուժային կառույցները` ոստիկանությունը և բանակը, նրանք էլ հոդորում են «լսել ժողովրդի պահանջը»: Բանակն անգամ հայտարարել է, որ «պատրաստ է հեղել իր արյունը»՝ ժողովրդին «ահաբեկիչներից, արմատականներից և հիմարներից» պաշտպանելու համար:
Անցնող օրերին Եգիպտոսում արդեն գրանցվել են բազմաթիվ պաշտոնաթղություններ: Հրաժարական են ներկայացրել կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Մուրսիի անձնական թիմի ներկայացուցիչներ: Սակայն նա, կարծես թե, մտադիր չէ հեռանալ՝ հայտարարելով, որ հրաժարական չի տալու և պատրաստ է բանակցություններ սկսել ընդդիմության հետ: Գործող նախագահը հասարակական ընդվզումները ժողովրդավարական դրսևորումներ է որակել:
Բանակցությունների պատրաստակամություն է հայտնել նաև ընդդիմությունը, որը որպես իր ներկայացուցիչ ընտրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն, աշխարհիկ գաղափարներով օժտված Մուհամեդ Ալ-Բարադեյին:
Թե ինչ կլինի հետագայում, առայժմ դժվար է կանխատեսել: Փորձագետների գնահատմամբ` թեև այսօր հիմնական ճնշում բանեցնողը փողոցն է, սակայն Եգիպտոսում քաղաքական իշխանության համար պայքարն իրականում ծավալվում է մի շարք ինստիտուտների միջև: Մասնավորապես, Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ»-ի կարճաժամկետ կառավարման ընթացքում էականորեն թուլացել են այնպիսի կառույցների քաղաքական ազդեցությունը, ինչպիսիք են բանակը, խորհրդարանը, դատարանները: Վերջիններիս քաղաքական հավակնությունները, Մուրսիի կողմից իրական բարեփոխումներ չանելու հանգամանքը, երկրում իսլամականության խորացման վտանգը, ինչպես նաև սոցիալական խնդիրները լուրջ խոչընդոտ են «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցչի հետագա կառավարման համար:
Ենթադրվում է, որ բանակը կօգտվի ընձեռված հնարավորությունից և ճգնաժամի հաղթահարման անվան տակ իսկապես կտապալի Մուրսիին: «Ռոյթերզ» գործակալության տեղեկացմամբ` զինվորականների մշակած «ճանապարհային քարտեզը» ենթադրում է և նախագահի պաշտոնաթողություն և խորհրդարանի լուծարում: Զինվորականները խոստանում են «չեզոք անցումային կառավարություն» ձևավորել, որը սակայն գլխավորելու է բանակի ներկայացուցիչը:
Հ.Գ. Թահրիրի հրապարակում ցույցի դուրս եկած երիտասարները լազերային շոու են կազմակերպել, որով Մուրսիին զգուշացնում են, որ «խաղը վերջացած է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ):
Հեղինակներ`
Արմեն Մինասյան
Արմինե Բեհբության