Գագիկ Մակարյան. «Տպավորություն է, որ Հայաստանում տարեթիվ չի փոխվել և 2012թ-ը շարունակվում է նաև 2013-ին»
Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսությունում էական փոփոխություններ չեն գրանցվել: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքերով` այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում տարեթիվ չի փոխվել և 2012թ-ը շարունակվում է նաև 2013-ին: «Այսինքն` տնտեսական առումով որևէ կտրուկ փոփոխություն, մոտեցումներ չկան»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա, գրեթե ոչ մի ցուցանիշ չի փոխվել, միայն զբաղվածության տեսանկյունից արհեստականորեն նվազել է գործազրկությունը, ինչը, Գ.Մակարյանի խոսքերով, կապված է ոչ թե նրա հետ, որ այս տարի ավելի շատ ընկերություններ են բացվել, այլ` գործազուրկների մի մասը հեռացել է Հայաստանից: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում մոտ 30 հազարով նվազել է գործազուրկների թիվը: «Մեզ մոտ դա դրական են համարում, բայց դրա տակ պետք է տեսնել` տնտեսությունն է խթանվել, թե հեռանալն է պատճառը»,- նշեց Գ.Մակարյանը:
Միաժամանակ նա ասաց, որ տնտեսությունը կտրուկ վատացման տենդեց էլ չի ունեցել, սակայն այն, որ միգրացիան բարձր տեմպով շարունակվում է, արդեն ակնհայտ է:
Գ.Մակարյանի խոսքերով` տնտեսությունը կարող էր կտրուկ քայլեր անել, եթե չլիներ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Դրանք, նրա գնահատմամբ, տնտեսության զարգացման համար խոչընդոտող գործոններ են: Եթե ձեռնարկություների արտադրողականությունը այս տարի առանձնապես չի բարելավվել, հետևաբար, գազի սակագնի բարձրացումը ևս մեկ խոչընդոտ կլինի ձեռնարկատերերի համար, իսկ այն հաղթահարելու համար հարկավոր է լրացուցիչ ճիգ գործադրել: «Գազի և էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման էֆեկտները մի քանի ամսից ավելի նկատելի կլինի, երբ կթանկանա թողարկվող արտադրանքը»,- ասաց Գ.Մակարյանը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններին, ինչպես Մաքսային միության անդամակցությանը, ՀԳՀՄ նախագահը նշեց, որ նախ պետք է նայել, թե մեր տնտեսությունը որ երկրների շուկաներում իրեն կդրսևորի:
Եթե գնում ենք ԵվրԱզԵս, ապա պետք է հասկանալ, թե առևտրի հետ կապված ինչպիսի հնարավորություններ է ստեղծվելու Հայստանի համար: «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամեն ինչ պլանավորվում է այսօրվա, վաղվա կամ մեկ ամսվա համար: Նույն վիճակը նաև բիզնեսում է: Այսինքն` այդ կարճ մտածելակերպը` չպլանավորելու, լուրջ խնդիրներ է առաջացնում: Մինչդեռ, եթե դռներ են բացվում, ապա դու պետք է դրան պատրաստ լինես և մշակես քո ռազմավարությունը, որպեսզի տնտեսությունը, բիզնեսը իմանան, թե ինչ խնդիրներ կան»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` ԵվրԱզԵսի հիմնական դրույթները շատ նման են ԵՄ պահանջներին և դրույթներին: Գ. Մակարյանն այն կարծիքին է նաև, որ Հայաստանը պետք է ԱՊՀ երկրների հետ շարունակի առևտուր անել, քանի որ նախ ունի միատեսակ խնդիրներ, կա նաև անմրցունակ ապրանքները իրացնելու խնդիր:
Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը, ապա, ըստ նրա, Հայաստանը այսպիսով կարող է հետագայում ավելի գլոբալ խնդիրներ լուծել, մասնավորապես, փակ սահմանների հետ կապված, քանի որ դրանք խոչընդոտում են առևտրին, բիզնեսին, ինչը հակասում է ԵՄ շահերին: «Կարևորելով դեպի Եվրոպա Հայաստանի զարգացումը, ես գտնում եմ, որ ճիշտը` ԵՄ-ն է»,- ասաց Գ.Մակարյանը: