«Մենք ենք, մեր մարզը». Արագածոտնի մարզի մշակութային «գունապնակը» ներկայացվելու է Գյումրիում
Այսօր և վաղը Գյումրիում անցկացվելու է «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Ծրագրին մասնակցելու են Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Օշական, Ուջան, Ոսկեվազ, Սասունիկ, Արագածավան, Կոշ գյուղական համայնքների 11 մշակութային հաստատությունների ավելի քան 40 պատանիներ: Արագածոտնի մարզի մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվի նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդես՝ արվեստի և գեղարվեստի դպրոցների 30 լավագույն սաների մասնակցությամբ: Ծրագիրը կեզրափակվի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողների և պարային համույթների մասնակցությամբ գալա-համերգով:
Նշենք, որ այս տարի մշակույթի օրերն անցկացվում են Գյումրիում` կապված «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակվելու հետ:
2008-2012 թթ. ծրագրին մասնակցել են ՀՀ Շիրակի և Լոռու /2008 թ./, Գեղարքունիքի և Կոտայքի /2009 թ./, Տավուշի և Արարատի /2010 թ./, Վայոց ձորի և Արարատի /2011 թ./ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /2012 թ./ 117 ուսումնական հաստատությունների 590 շնորհալի պատանիներ:
«Մենք ենք, մեր մարզը» խորագիրը կրող մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրն իրականացվում է 2008 թ. մշակույթի նախարարության կողմից: Ծրագրի նխատակն է խթանել հանրապետության մարզերի մշակութային կյանքը և յուրաքանչյուր անգամ ներկայացնել որևէ մարզի մշակութային ձեռքբերումները, ինչպես նաև` նախարարության անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ մշակութային ակտիվ համագործակցություն ծավալել ՀՀ մարզերի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ու մայրաքաղաքի համապատասխան կառույցների միջև: