Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Սաֆարովին արտահանձնելու հետևանքների համար
Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկելու մասին ամենևին էլ խիստ չէր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պաչոլայը:
Նկատենք, որ հունգարացի պաշտոնյան Հայաստանում է գտնվում մասնակցելու Ազգային ժողովում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովին:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին իրենց երկրում ազատազրկման մեջ պահելու, այլ ոչ թե ներում շնորհելու և ազատ արձակելու: Հունգարացի պաշտոնյան ասաց, որ ինքը չի կարող իր երկրի կառավարության անունից որևէ բան ասել, քանի որ ծանոթ չէ էքստրադիցիայի պայմաններին և շտապեց ներողություն խնդրել հայ ժողովրդից կատարվածի հետևանքների համար:
Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հունգարացի իր գործընկերոջ հետ զրույց ունեցել են: «Իրենց Սահմաանդրական դատարանի վիճակն իրենց երկրում բավականին կոնֆլիկտային է, որովհետև ինքը իշխանությունների հետ բավական լուրջ խնդիրներ ունի, քանի որ իրենց որոշումներից հետո բավականին ճնշումներ կան` ընդհուպ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատարանի լիազորությունները կրճատելու խնդիր կա», -հավելեց ՍԴ նախագահը:
Հիշեցնենք` 2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 2012թ-ին օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին:
Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված ՀՀ ԶՈՒ ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ են ներկայացրել Ադրբեջանի և Հունգարիայի դեմ, որով պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին փոխանցումը, Ադրբեջանի կողմից վերջինիս ներումն ու արդարացում-հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների վերոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մասնավորապես Ռամիլ Սաֆարովի գործին, նշել էր, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական: