Իրանի քաղաքացիները հուլիսի 1-ից առանց վիզայի չեն կարող մուտք գործել Վրաստան
«Վրաստանը միակողմանիորեն Իրանի քաղաքացիների համար վերականգնել է վիզային ռեժիմը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ Վրաստանի կառավարությունը ս.թ. հուլիսի 1-ից չեղյալ է հայտարարել Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը:
Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակը, պարզաբանելով կառավարության որոշումը, նշել է. «Վրաստանի կառավարությունը անհանգստություն է ունեցել, որ Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման պարագայում Իրանը կարող է, Վրաստանի ֆինանսական համակարգն օգտագործելով, շրջանցել տնտեսական պատժամիջոցները»:
Նկատենք, որ 2011թ. Իրանի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթևեկել առանց վիզային ռեժիմի:
Իրանական աղբյուրը նշում է, որ նախորդ ամիս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից մի պատվիրակություն էր մեկնել Վրաստան, որտեղ ամերիկյան կողմը իրանավրացական տնտեսական հարաբերությունների ընդլայնման առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել: Ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո Վրաստանը իրանական 150 բանկային հաշիվները սառեցրեց:
Հարկ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում 1500-ից ավելի իրանական ընկերություններ են գրանցվել: Ներկայում Վրաստանում 6 հազարից ավելի իրանցի է բնակվում, իսկ տարեկան տասնյակ հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են մեկնում Վրաստան:
Իրանական կողմն առայժմ չի արձագանքել Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վիզային ռեժիմը վերականգնելու մասին որոշմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում