
Վանաշենի գյուղապետարանը բնակիչներից գումար է հավաքել, սակայն պարարտանյութ չի տրամադրել
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարել Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները: Վերջիններս շատ վրդովված պատմել են, որ որոշ ժամանակ առաջ իրենք պարարտանյութի համար գումարներ են հավաքել, որպեսզի իրենց պարարտանյութ տրամադրեն: Սակայն մինչև այսօր գյուղապետարանից ոչ պարարտանյութն են հատկացնում, ոչ էլ գումարն են վերադարձնում: Եվ հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում. Չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հավաքած գումարների ճակատագիրը:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցների խոսքով՝ այս մասին տեղյակ է նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար: Երբ թերթը փորձել է Վանաշենի ղեկավար Արտաշես Գրիգորյանից պարզել, նա խոսքը կտուրն է գցել, թե ինքը հյուրեր ունի: