Սաքունցը ողջունում է զինդատախազության նախաձեռնությունը. Մատաղիսի գործով արդարացված Զալյանը կընդգրկվի խմբում
Զինվորական դատախազության նախաձեռնությունը աշխատանքային խումբ ստեղծելու և ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը ուսումնասիրելու մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ողջունում է: «Նման ձևաչափով աշխատելու առաջարկը ողջունում եմ միանշանակ: Սա նոր մոտեցում է», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք՝ Զինվորական դատախազությունը հուլիսի 2-ին հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականն է ներկայացնելու այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Հատկապես վերջին հատվածը Սաքունցի համար տարօրինակ է՝ ինչո՞ւ են ուսումնասիրվելու հենց 2011 թվականից հետո կայացված որոշումները: Մյուս խնդիրը, ըստ իրավապաշտպանի, այն է, թե ինչպես է աշխատանքային խումբը որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով այն, որ քրեական դատավարության օրենսգրքով քրեական գործի հետ կապված տարբեր որոշումներ կայացնելու իրավասություն ունի զինդատախազությունը:
«Բայց այնուամենայնիվ, այդ ֆորմատը ենթադրում է, որ որոշումների կայացման մեջ պետք է բոլորը մասնակցեն: Այսինքն, փորձագիտական եզրակացություններ կտրվեն, որոնք կընկնեն որոշման հիմքում: Ես հասկանում եմ, որ եթե փորձագիտական եզրակացությունը չընդունվի, զինդատախազը միշտ էլ ունի այդ իրավասությունը: Մեր մոտեցումն այն է, որ պետք է լինի մի մեխանիզմ որոշման կայացման մեջ: Եթե հստակություններ լինեն, շատ ավելի պատկերավոր կլինի այդ գաղափարի իրականացումը», -նկատեց Սաքունցը:
Չնայած նրան, որ զինդատախազության հայտարարությունը որոշ հարցեր է առաջացնում իրավապաշտպանի մոտ, այնուամենայնիվ, նրանք որոշել են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը աշխատանքային խմբում կներկայացնի Մատաղիսի գործով վերջերս արդարացված Արայիկ Զալյանը: «Արայիկը իրավաբանական կրթություն ու գիտելիքներ ունի և որպես իրավաբան, շատ լավ կարող է աշխատել խմբում: Բացի այդ, ինքը մասնակցում է դատերին ու մեծծ փորձ ունի այդ համակարգում», -ներկայացրեց Արթուր Սաքունցը:
«Ես Հայաստանում արդարադատությանը քիչ եմ հավատում, բայց արդարադատության նկատմամբ վստահության ձևավորման կարևոր ուղիներից մեկը կարող է հանդիսանալ այս նախաձեռնությունը. երբ կարևոր գործերով, թեկուզ եթե դատական վճիռներ են կայացվել, վերանայման հնարավորություն ընձեռվի: Ողջունելով հանդերձ, գտնում եմ, որ գաղափարի տարածումը լայն տիրույթի վրա, դա այն ճանապարհն է, որով մենք կարող ենք արդարության հաղթանակի հասնել», -հավելեց Արթուր Սաքունցը:
Ի տարբերություն վանաձորցի իրավապաշտպանի, այս լավատեսությունը չի կիսում Հելսինկյան ասոցիացիայի ռազմական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: «Խեղկատակություն է», -մեզ հետ զրույցում այս նախաձեռնությունը որակեց Մարտիրոսյանը և ասաց, որ ինքը չի մասնակցի այդ խեղկատակությանը:
Նշենք, որ Զինվորական դատախազությունը նաև տարածած հայտարարության մեջ նշում էր, որ աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը Panorama.am-ին փոխանցեց, որ իրենք այժմ ուսումնասիրում են հայտարարությունը, քննարկում են և հետո միայն որոշում կկայացնեն: «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Կքննարկենք աշխատակազմում և կորոշվի, թե գրասենյակից արդյոք ներկայացուցիչ լինելու է աշխատանքային խմբում», -ասաց Կարմիրշալյանը:
Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան