Ռ. Սաֆրաստյան. Թուրք ժողովուրդը կորցրել է վախը
Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կապված են Թուրքիայի ներքին կյանքում տեղի ունեցող փոփոխությունների, զարգացումների հետ: Կովկասի ինսիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա, Թուրքիայում վերջին տարիներին արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, որը բերել է նաև կրթական ցենզի բարձրացմանը: Թուրքագետը նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էր երիտասարդությունը` 16-35 տարեկան, որոնց պատկերացումները չեն համընկնում Թուրքիայի վարչապետ Էրդողանի պատկերացումներին: Երիտասարդները, ըստ Ռ. Սաֆրաստյանի, պահանջում են նոր մոդելի Թուրքիա, մինչդեռ երկրի ղեկավարությունն ի դեմս վարչապետի, իրականացում են ավտորիտար կառավարում, քաղաքականություն և փորձում են Թուրքիան ոչ միայն դարձնել մեծ, այլ նաև պարտադրել նոր ինքնություն` իսլամի վրա հիմնված ինքնություն:
Ռ. Սաֆրաստյանի դիտարկմամբ, բողոքի ակցիաներին մասնակցում էին սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այսինքն նրանք միմյանց դեմ որևէ բան չունեին, այլ նրանց բողոքն ուղղված էր Էրդողանին: Բանախոսի կարծիքով, այս դեպքերը վկայում են, որ թուրք ժողովուրդը կորցրել է վախն իշխանության նկատմամբ, ինչը հասկացել է նաև Էրդողանը:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կարող են անմիջական ազդեցություն թողնել նաև Ադրբեջանում: «Երկու հասարակություններն էլ ունեն նմանություններ. վախենում են իշխանություններից, սակայն, ինչպես տեսանք, թուրք հասարակությունը կորցրել է վախը: Չեմ բացառում, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին զանգվածային անհնազանդության ալիք բարձրանա նաև ադրբեջանում»,- կարծիք հայտնեց թուրքագետը: