Իսկ ո՞վ է ասել, որ մեզ միշտ պետք է գովեն. ՀՀԿ-ում պատրաստ են նախատինքի
«Ոչ մի լարվածություն չկա, ընդամենը աշխատանքային մթնոլորտ է», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հնչած հայտարարություններին:
Հիշեցնենք` այդ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը անդրադարձել էր ՎՊ 2012 թվականի հաշվետվության ժամանակ խորհրդարանական մեծամասնության պահվածքին ու ասել. «մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»:
«Նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պրն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրեց իր կարծիքը, շեշտադրումները շատ հստակ էին»,-հավելեց Շարմազանովը:
Լրագրողները սակայն ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցին` ճի՞շտ է իրեն պահել ՀՀԿ-ն ՎՊ տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ ճիշտ պահելն ու սխալ պահելը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն: «Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինպես չի պահել, ինչպիսի խնդիրներ ունի, դա ներկուսակցական քննարկման խնդիր է, և ես կոռեկտ չեմ համարում մեր ներկուսակցական քննարկումները, առավել ևս մեր կուսակցության նախագահի գնահատականները ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշի ՀՀ և ՀՀԿ նախագահը, այդպես էլ կլինի»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ԱԺ փոխխոսնակը մտավախություն չունի՞, որ կարող են Հանրապետականները արժանանալ Սերժ Սարգսյանի նախատինքին, Շարմազանովն արձագանքեց. «Քաղաքականություն է, իսկ ո՞վ է ասել, որ մեզ միշտ պետք է գովեն, իսկ ո՞վ է ասել, որ միշտ պետության նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի: Իհարկե, մենք էլ կարող ենք սխալվել»: Նրա խոսքով, ՀՀԿ նախագահի գնահատականները ոչ թե կոպիտ էին, այլ «իրատեսական»:
«Անկախ նրանից, ով է խախտում օրենքը, իշխանություն ես, թե իշխանություն չես, մարդիկ բաժանվում են պարկեշտ և ոչ պարկեշտ պաշտոնյաների, այն որ մեզ մոտ դժբախտաբար կան ոչ պարկեշտ պաշտոնյաներ, դա փաստ է: Եվ անկախ նրանից, ով է խախտում օրենքը, պետք է պատժվի: Դա է մեր կուսակցության փիլիսոփայությունը է»,- հայտարարեց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին