Ռ.Ամիրխանյան. Այդ մարդկանց մտքով ուրիշ բաներ են անցնում
«Այդ հարցը ինձ արդեն հոգնեցրել է. այդ մարդիկ պարզագույն բաներ պետք է հասկանան, որ եթե իրենք հարց ունեն և եթե միության անդամներ են, պետք է դիմեն ոչ թե ուրիշ կազմակերպության, այլ դիմեն կոմպոզիտորների միությանը»,- Panorama.am-ից ասաց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Վերջինս սկզբում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ մեծանուն արվեստագետների նամակ-խնդրագրի վերաբերյալ, որ հասցեագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ի վերջո որոշ մեկնաբանություն տվեց:
Հիշեցնենք, համաշխարհային մեծությունները` դիրիժոր Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շեդրինը, Գիյա Կանչելիան և այլ անուններ, որոնց թվում նաև մեր հայրենակից Կոնստանտին Օրբելյանը, դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` առաջարկելով Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը վերանվանել Էդվարդ Միրզոյանի անունով:
«Այդ մարդկանց մտքով ուրիշ բաներ են անցնում»,- ասաց Ռ.Ամիրխանյանը:
Երբ ճշտեցինք` նշանակում է, որ նրանք չեն դիմել անձամբ իրեն, միության նախագահը բացասական պատասխան տվեց. «Տարիներ շարունակ` 22 տարի է նրանք փորձում են շրջել միության կարգուկանոնը իրենց հեռու գնացող նյութական նպատակներ հետապնդելով…. »,-հայտարարեց մեր զրուցակիցը, սակայն այդպես էլ մութ մնաց, թե Գերգիևը, Պլիսեցկայան կամ նույն Կոնստանտին Օրբելյանը նյութական ի՞նչ նպատակներ կարող են հետապնդել:
«Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք նաև միության անդամներ են, պետք է դրսևորեին տարրական հարգանք և այդ հարցը բարձրացնեին, նախևառաջ, կոմպոզիտորների միությունում` վարչությանը կամ նախագահին ուղղված, կամ ղեկավարությանը իրազեկ դարձնելով: Իսկ նրանք տարրական անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում մեր հանդեպ, որը ոչ մի մեկնաբանության կարիք չի զգում»,- հավելեց Ռ.Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ հետամուտ է լինելու հարցի լուծմանը, իսկ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում ստորագրությունը ևս առկա է նամակի տակ, նշել, որ ինքը նախաձեռնությանը միացել է դեռևս անցած տարի, ստորագրել այն և մինչ այս պահը, փաստորեն, չգիտի, թե հետագա ճակատագիրն ինչպիսին է:
Նախորդիվ`
Գերգիև, Պլիսեցկայա, Բաշմետ... Մեծանուն արվեստագետները դիմել են ՀՀ նախագահին
Ն.Զոհրաբյան. Անհասկանալի է, թե ինչու է կոմպոզիտորների միության ղեկավարությունը անարձագանք թողել մեծերի խնդրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում