Դ. Մելքոնյան. Հուլիսի 7-ից որևէ ընկերություն չի կարող ինքնակամ փոխադրավարձը բարձրացնել
Ոչ Երևանի քաղաքապետարանում, ոչ Տրանսպորտի և կապի նախարարությունում այս պահին ուղևորափոխադրման ծառայության սակագնի փոփոխման հարց չի քննարկվում, չնայած այն բանին, որ հուլիսի 7-ից արդեն ուժի մեջ է մտնել գազի նոր` բարձրացված սակագինը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 1 խմ գազի համար քաղաքացիները պետք է վճարեն 156 դրամ` գործող 132-ի փոխարեն:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը Panorama.am-ին հայտնեց, այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն սակագնի վերանայման հարցով իրենց չի դիմել:
Վարչության պետի տեղակալն ակնկալում է, որ ոչ մի կազմակերպություն չի էլ դիմի, քանի որ միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները մտավախություն ունեն, որ բարձրացնելու դեպքում հնարավոր է ծառայությունից ավելի քիչ մարդիկ սկսեն օգտվել, բացի այդ այսօր Երևանին ամենամոտ բնակավայր հասնելն արժե 150 դրամ ու ավելի:
Դ. Մելքոնյանի կարծիքով, գազի սակագնի բարձրացումն ավելի շատ կարող է ազդել քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման վրա:
Չնայած դիմումներ դեռ չկան, սակայն նախարարությունում այս պահին մոտավոր հաշվարկներ են կատարում, թե հնարավոր դիմելու դեպքում որքանով կարող է ավելանալ սակագինը: Այս պահին որևէ տվյալ չեն հստակեցրել:
«Մենք չգիտենք գազի գնի բարձրացումը ինչ ազդեցություն կունենա գազալցակայանների վրա: Մինչև դա չիմանանք, մինչև չվերլուծենք, հստակ բան ասել չենք կարող»,-ասաց վարչության պետի տեղակալն ու հավաստիացրեց, որ հուլիսի 7-ին որևէ ընկերություն չի կարող ինքնակամ փոխադրավարձը բարձրացնել:
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ այս պահին ավտոբուսային ու միկրոավտոբուսային երթուղի սպասարկող որևէ ընկերություն սակագնի բարձրացման հարցով քաղաքապետարան չի դիմել, չնայած, որ ավտոբուսային երթուղիներ սպասարկող ընկերություններն արդեն մի քանի տարի դժգոհում են գործող սակագնի չափից:
«Դժգոհում են սպասարկման վիճակից: Մարդիկ նոր ավտոբուսները բերել են, չեն կարողանում վարկերը մարել, հիմա ուսանողություն չկա, ուղևորների քանակը պակասել է, վարկերը չեն կարողանում տալ»,-ավտոբուսային երթուղիների սպասարկողների բողոքը փոխանցեց Նավասարդյանը, ավելացնելով, որ նրանք դժգոհում են նաև ավտոբուսների պահեստամասերի ու դիզվառելիքի թանկությունից:
«Դժգոհությունը մի քանի տարի առաջ էլ կար, հիմա ավելի մեծացել է, երբ ավելացել է ավտոբուսների քանակը, բոլորը նոր են ու վարկով, այդ խնդիրն ավելի է դժվարացրել: Առայժմ գազի թանկացման հետ կապված որևէ հայտ չունենք»,-ասաց Հ. Նավասարդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին