Էկոնոմիկայի նախարար. Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի
«Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է, որ 100 մլն դրամով ձեռք բերված բիոզուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, սակայն այսօր երկու զուգարաններն էլ տեղադրված են և աշխատում են»: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` ներկայացնելով Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները էկոնոմիկայի նախարարության գործունեության վերաբերյալ:
Նրա խոսքերով` ՎՊ արձանագրությունը որևէ ձևով չի անդրադարձել թերացումներին կամ խախտումներին, անարդյունավետության հիմնական պատճառ նշվել է չաշխատելու հանգամանքը:
Նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ-ի գերատեսչությունների կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
Հարցին, եթե անարդյունավետ չի, ապա այդ զուգարանները որքան շահույթ են բերել Հայաստանին, Վ.Ավանեսյանը նշեց, որ այդ առումով դրանք անարդյունավետ են եղել: Նրա խոսքերով` այդ զուգարաններն ունեցել են կոնկրետ նպատակ, պետք է լինեն լավագույնները: «Նման զուգարաններ շարունակվում են տեղադրվել տարբեր երկրներում, քանի որ դրանք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց նախարարը:
Միաժամանակ Վ.Ավանեսյանը նշեց, որ եթե ինքը լիներ, ապա 100 մլն դրամով զուգարան չէր գնի, սակայն դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: «Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել: Կարծում եմ, որ նույն խնդիրը կառաջանար, եթե դրանք ձեռքբերվեին 20 կամ 30 մլն դրամով»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Նախորդող` Վարչապետը` էկոնոմիկայի նախարարին. «Զուգարանները արդյունք չեն տվել, սպասում ենք Ձեր վերլուծությանը»