Վրաստանում երրորդ անգամ են փոխել նախագահական ընտրությունների օրը
Վրաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թ-ի հոկտեմբերի 27-ին, ինչպես հայտարարվել էր առաջին անգամ: «Apsny.ge» կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազի ղեկավար Անդրո Բարնովը: Վերջին որոշումն ընդունվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո:
Երեկ մի շարք կազմակերպություններ նախագահին էին դիմել հոկտեմբերի 31-ին նախատեսված ընտրությունները տեղափոխելու խնդրանքով և իրենց առաջարկը հիմնավորել այն հանգամանքով, որ ընտրված օրն աշխատանքային է, դրա պատճառով շատ վրացիներ չեն կարողանա մասնակցել ընտրություններին:
Հուլիսի մեկին նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, թե նախագահի որոշմամբ, ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: Հաջորդ օրը Անդրո Բարնովն հայտարարել էր, թե ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 31-ին, իսկ նախկին ամսաթվի հրապարակումը տեխնիկական սխալի հետևանք է եղել:
Ի դեպ, նախագահական ընտրությունների օրվա նշանակումը վարչապետ Իվանիշվիլիի և նախագահ Սաակաշվիլիի միջև փոխադարձ և հերթական մեղադրանքների առիթ է հանդիսացել: Երեկ կայացած մամուլի ասուլիսին Իվանիշվիլին հայտարարել էր, թե Սաակաշվիլին հոկտեմբերի 27-ից 31-ն է տեղափոխել ընտրությունների օրը, որպեսզի «երեք օր ավել մնա նախագահի պաշտոնում», ինչին ի պատասխան Սաաակաշվիլին մեղադրել էր վարչապետին «օրենքներից բացարձակ անտեղյակ լինելու» մեջ: Նախագահը պարզաբանել էր, որ իր լիազորությունները վերջանում են երդմնակալության օրը, անկախ այն հանգամանքից, թե երբ կանցկացվեն ընտրությունները:
Նշենք, մինչ օրս նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են երեք թեկնածուներ՝ փոխվարչապետ, «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին, «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նատելաշվիլին, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Նինո բուրջանաձեն: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության թեկնածուն հայտնի կդառնա «ներկուսակցական փրայմերիզի» արդյունքների ամփոփումից հետո, որը նախատեսված է հունիսի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում