Հողակտոր ու բնակարան Արցախում՝ մասնակցելով վիճակախաղին
«Երևանցիների մասնակցությունը ԼՂՀ-ի Ազգային վիճակախաղին օր օրի նոր թափ է հավաքում: Սրան նպաստում եք նաև դուք` լրագրողներդ, բայց ափսոս, որ թեմային դեռ այդքան շատ անդրադարձ չեք անում. Ձեզ ավելի հաճախ հետաքրքրում են օֆշորային սկանդալներն ու թալանած փողերի շոուները»,- Panorama.am-ի թղթակցին իր նկատառումներն է ներկայացնում երևանյան թերթի կրպակներից մեկի աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային վիճակախաղի քանի տոմս են ձեռք բերել քաղաքացիները մինչ այս պահը:
Կրպակի աշխատակիցն այնքան էր ոգևորված նախաձեռնությամբ, որ այդպես էլ անպատասխան թողեց հարցս ու աչքիս առաջ թերթ ցանկացողներին փութաջանորեն համոզում էր մասնակից դառնալ վիճակախաղին:
Ինչ է իրենից ներկայացնում վիճակախաղը
ԼՂՀ իշխանություները, կարևորելով Արցախի վերաբնակեցման և դեմոգրաֆիական աճի ապահովման հիմնախնդիրը, հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. ԼՂՀ կառավարությունը 2013 թվականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որի առաջացած ողջ շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին:
Վերջիններս համոզված են, որ բնակչության թվի կայուն աճը բավարար չէ բնակչության արտահայտված աճ ապահովելու համար, դա հնարավոր է միայն ճիշտ ներգաղթ կազմակերպելու միջոցով, ուստի մտադիր են իրականացնել ինչպես վերաբնակեցման, այնպես էլ տարաբնակեցման ծրագրեր:
Եռատոնի խորհրդանշական օրը՝ մայիսի 9-ին շրջանառության մեջ դրվեց վիճակախաղը և այն կխաղարկվի ու կամփոփվի Արցախի համար կրկին շատ խորհրդանշական օր` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին (Առաջի գերագույն խորհրդի ընտրություններ):
ԼՂՀ իշխանությունները կոչ են անում Արցախի, Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիներին կրպակներից ձեռք բերել ընդամենը 2000 դրամ արժողությամբ վիճակախաղի տոմս՝ մասնակից դառնալ մեր ժողովրդի համար կարևորագույն խնդրի լուծմանը:
Նշենք, որ վիճակախաղով խաղարկության է դրվելու Արցախում արտադրվող մեծաքանակ ապրանքատեսակ. բնակարաններ՝ Ստեփանակերտում, Արցախում արտադրված ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր՝ դեպի Արցախ և մի քանի սիմվոլիկ մեքենաներ:
Այս և այլ ներդրումային ծրագրերի միջոցով ԼՂՀ կառավարությունը շահագրգռված է մի շարք սոցիալական խոչընդոտների լուծման, արտադրական միավորների ստեղծման, հետևաբար նաև` աշխատատեղերի ստեղծման ճանապարհով վերաբնակեցնել ազատագրված տարածքները:
ԼՂՀ-ում ազգանբնակչությունը ոգևորված է այս նախաձեռնությամբ. և թե՛ պետական այրերը, թե՛ քաղաքացիները լիահույս են , որ վիճակախաղը բարեխաջող ընթացք կունենա և կլինի շարունակական, քանի որ ԼՂՀ իշխանությունները ունեն բավարար քաղաքական վստահություն ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում ու Սփյուռքում:
Արցախի (ԼՂՀ) փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքով` վիճակախաղի տոմսեր վաճառվում են «Հայմամուլի» 320 կրպակներում:
Հեղինակ` Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա