Բուդաղյանների փաստաբան Ալումյանի բողոքն ուղարկվել է զինդատախազություն
Գորիսի հայտնի դեպքերի գործով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը, որը երեկ ստացվել էր Գլխավոր դատախազություն, մակագրվել և ուղարկվել է զինվորական դատախազություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ներկայացնելով հիմքերը, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ Հայկ Ալումյանի բողոքը մակագրվել է զինվորական դատախազությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի համաձայն, որով քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, իսկ ահա դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին:
Ավելի վաղ Panorama.am -ը տեղեկացրել էր, որ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել էր Հայկ Ալումյանի` Արտակ Բուդաղյանին գործով որպես տուժող ճանաչելու մասին միջնորդությունը` «անհրաժեշտ քննչական միջոցառումներ իրականացնելու» համար:
Ալումյանը Panorama.am -ի հետ զրույցում ասել էր, որ արդեն գոյություն ունեցող փաստերի հիման վրա պետք էր Արտակ Բուդաղյանին ճանաչել տուժող, այլ ոչ թե այսքան հետաձգել: «Այդ փաստերը միանշանակ խոսում են այն մասին Արտակ Բուդաղյանին պետք էր ճանաչել տուժող», -ասել էր Հայկ Ալումյանը:
Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է, որպեսզի որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, այսինքն իրեն պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս (իսկ այս դեպքում մասնավորապես), դեռևս անհրաժեշտ են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ:
«Համապատասխան փորձաքննության արդյունքների և այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրավական գնահատական տալ այդ գործողություններին»,- ասել էր Կոստանյանը:
Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել է սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի վիրավորված մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կարդացեք նաև`
Գորիսի դեպքերի գործով ՊՆ քննչական ծառայության որոշումը փաստաբանը բողոքարկել է Գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին