Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդես
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահում ներկայացված են Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ: Ուրարտական ցուցանմուշների դիտումից հետո պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է ծանոթանալու նաև Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տարծած հաղորդագրության համաձայն, ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիատրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաև Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:
Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ: Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում: