Վարչապետը լավ է զգում, երբ համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Նարեկ Թովմասյանին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին անդրադարձել է նրա հաջողությանը. «Նարեկ Արամի Թովմասյանն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Սթենֆորդի համալսարան։ Ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը։ Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ ենք զգում, երբ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` համակարգչային տեխնիկայի մասնագիտությամբ: Ընդհանրապես մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվում բուհեր»:
Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` վարչապետն անհրաժեշտ է համարել պարզել, թե այն 170 ուսանողները, որ այսօր սովորում են աշխարհի լավագույն 10 համալսարաններում, որ դպրոցներն են ավարտել, որովհետև նրանց ուսուցիչները խրախուսման արժանի են։ «Դա, ինձ թվում է, դրական երևույթ է, երբ դպրոցներն իրար հետ մրցակցում են, թե իրենց երեխաներից քանիսն են ընդունվում բուհեր, և որ բուհերն են ընդունվում։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Գեղարքունիքի մարզի փոքրիկ համայնքային դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարան։ Շնորհակալություն», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Ն. Թովմասյանը 2009 թվականից սովորում է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում: Բացառիկ ունակությունների շնորհիվ նա սահմանված քառամյա դասընթացը` բակալավրիատը, ավարտել է 3 տարում և 2012 թվականի սեպտեմբեր ամսին ընդունվել է նույն բուհի մագիստրատուրա` համակարգչային գիտություն մասնագիտությամբ, որն ավարտելու է 2014 թվականի օգոստոս ամսին: ՀՀ կառավարության որոշման համաձայն 2009 թվականին Ն. Թովմասյանին տրվել է տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչ, սակայն որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի N 401 որոշման համաձայն, պահուստային տեղերի հաշվին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով «Լույս» հիմնադրամին հատկացված 9 տեղից 1-ը հատկացվել է Ն. Թովմասյանին: Վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել «Լույս» հիմնադրամի 2009 թվականի որոշման ընդունումից հետո, որը հիմք ընդունելով, 2009 թվականի կրթաթոշակառուները, այդ թվում նաև` Նարեկ Արամի Թովմասյանը, ձեռք են բերել տարկետման իրավունք:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ, երկարաձգելով Ն. Թովմասյանին տրված տարկետման ժամկետը, նրան հնարավորություն կընձեռվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության, իսկ ստացած գիտելիքները ներդնելու Հայաստանի Հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա