«Վրաստանը Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերականգնել է վիզային ռեժիմը» (լրացված)
Վրաստանը Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերականգնել է վիզային ռեժիմը
«Վրաստանը միգրացիայի կառավարման նոր ռազմավարություն է հաստատել, ըստ այդմ, Իրանի հետ միակողմանիորեն վերականգնել է վիզային ռեժիմը»,- իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյաներից մեկը:
Իրանցի դիվանագետը, անդրադառնալով օրերս Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների համար միակողմանիորեն վիզային ռեժիմը վերակագնելու մասին որոշմանը, նշել է. «Վրաստանը Իրանի ԱԳ նախարարությանը հղած նամակում տեղեկացրել է, որ միգրացիայի կառավարման նոր ռազմավարություն է հաստատվել, համաձայն որի, Իրանի հետ վերականգնում է վիզային ռեժիմը: Իրանի քաղաքացիները այսուհետ Վրաստան մուտք գործելու համար պետք է Իրանում Վրաստանի դեսպանությունից վիզա ստանան»:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարությունը ս.թ. հուլիսի 1-ից չեղյալ է հայտարարել Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը:
Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակը, պարզաբանելով կառավարության որոշումը, նշել է. «Վրաստանի կառավարությունը անհանգստություն է ունեցել, որ Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման պարագայում Իրանը կարող է, Վրաստանի ֆինանսական համակարգն օգտագործելով, շրջանցել տնտեսական պատժամիջոցները»:
Նկատենք, որ 2011թ. Իրանի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթևեկել առանց վիզային ռեժիմի:
Իրանական աղբյուրը նշում է, որ նախորդ ամիս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից մի պատվիրակություն էր մեկնել Վրաստան, որտեղ ամերիկյան կողմը իրանավրացական տնտեսական հարաբերությունների ընդլայնման առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել: Ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո Վրաստանը իրանական 150 բանկային հաշիվները սառեցրեց:
Հարկ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում 1500-ից ավելի իրանական ընկերություններ են գրանցվել: Ներկայում Վրաստանում 6 հազարից ավելի իրանցի է բնակվում, իսկ տարեկան տասնյակ հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են մեկնում Վրաստան: