Այսօր «Հարսնաքար»-ում հարսանեկան արարողություն է
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:
Թերթի տեղեկություններով՝ հարսանիքի քավորը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է: Մ.Մկրտչյանից թերթի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիքը անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռևս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը: «Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետևաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով՝ ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքը անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որևէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիք կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժիշկի հարազատներից»,- նշել է երգիչը: