«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ»… Բեմի և էկրանի լեգենդ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
«Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում»: Այս խոսքերի հեղինակը հայ բեմի ու էկրանի անկրկնելի վարպետ, լեգենդ Մհեր Մկրտչյանն է:
1930 թվականի հենց այս օրն է Գյումրիում ծնվել ուրախ-տխուր մարդը: «Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի: Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»: Պատասխանեցի՝ հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ: Վարպետը մտածեց, մտածեց և ասաց. «Ա՛յ տղա, դու իսկական երևանցի ես…» («Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն» գիրքից):
Դմբուզ Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Նիկոլ («Հին օրերի երգը» ), Ռուբեն («Մեր մանկության տանգոն»), Գվիդոն ( «Սրտի արատ»), Պաղտասար («Պաղտասար ախպար»), Զամբախով («Խաթաբալա»)… կինոյում ու թատրոնում կերտած նրա յուրաքանչյուր կերպար իր ինքնատիպությամբ ու կատարողական բարձր արվեստով «ժամանակ չի ճանաչում»: «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- այս սկզբունքով է առաջնորդվել դերասանը և կինոյում, և թատրոնում:
Մհեր Մկրտչյանը 1971թ. արժանացել է ՀԽՍՀ, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է 1993 թ.: 2001թ. հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա»,- ասել է Մհեր Մկրտչյանը: