«Հո չե՞մ խաբում». Փոխնախարարը պնդում է ծիրանի մթերման հերթի իր տարբերակը (տեսանյութ)
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը այցելել է Վաղարշապատի պահածոների, հետո՝ Վանանդում գտնվող «Նոյան» բնական հյութերի գործարան ու եզրակացրել՝ «մթերումը նորմալ է ընթանում»:
Գյուղատնտեսության փոխնախարարը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չհամաձայնեց, որ «Նոյան» բնական հյութերի գործարանի մոտ գյուղացիները հերթ են կանգնում օրերով, գիշերն անցկացնում հերթի մեջ, իսկ ծիրանի բերքն այդ ընթացքում փչանում է:
«Նման խնդիր չկա. հերթի մեծ մասը դատարկ մեքենաներ են, որ հերթ են պահում: Մարդկանց սպասեցնելու խնդիր չկա: Հերթի վաթսուն տոկոսը դատարկ մեքենաներ են», -արձագանքեց փոխնախարարը: Սակայն հետո անմիջապես նկատեց՝ «Եթե գործարանի արտադրական հզորությունը օրական 230-250 տոննա է, կարո՞ղ են 400 տոննա մթերել: Միշտ էլ մթերման սեզոնին այդ խնդիրը եղել է, որովհետև ծիրանը շուտ է հասունանում և բերքը մարդիկ շուտ ուզում են վաճառել»:
Մակարյանի խոսքով, կան մարդիկ, որ իրենց մարդատար մեքենաները կանգնեցնում են, հերթ պահում, հետո երբ իրենց հերթն հասնում է բեռնատարը գալիս է առաջ ու հանձնում բերքը:
«Բայց որ գյուղացին ապրանքը բերի, 3-4 օր մնա, նման բան չկա», -նկատեց Մակարյանը:
Փոխնախարարին ներկայացրինք պատկերը, որը մենք էինք տեսել՝ գտնվելով գործարանի դիմաց. նախ մեր թղթակիցը դատարկ ու հերթ պահող մեքենաներ չի նկատել հերթի մեջ. այնտեղ եղած բոլոր մեքենաների մեջ եղել են արկղերով ծիրաններ: Հերթ կանգնած գյուղացիներն այնքան հիասթափված էին սպասելուց, որ պատրաստ էին արկղերով ծիրանը նվիրել լրագրողներին, միայն թե ազատվեին «բեռից»:
Բացի այդ, հերթի մեջ կանգնած բեռնատարների միջից ծիրանի հյութը ծորում էր, իսկ բերքը փչանում արևի տակ:
Մեր այս դիտարկմանը փոխնախարարն արձագանքեց. «Հո չե՞մ խաբում, ասում եմ նոր եմ եկել էնտեղից: Գնացել է մեկը ընկերոջ համար հերթը պահել է: Բերքը 3-4 օր չի մնում: Իսկ տաս ժամը նորմալ է»:
Ինչ վերաբերում է այլընտրանքային գործարաններին, փոխնախարարն ասաց, որ Արարատի գործարանից բացի, մյուսները նորմալ են աշխատում: «Այս պահին մեծածավալ մթերումներ են իրականացվում 5 գործարաններում, իսկ փոքր ծավալներով շուրջ 15 գործարարն մթերում է», -հավելեց նա:
Գյուղատնտեսության փոխնախարարի տվյալներով, այս տարի բերքը առատ է եղել և արդյունքում ծիրանի մթերման ծավալները զգալիորեն աճել են: Մասնավորապես, այս տարի արդեն հուլիսի 3-ի դրությամբ շուրջ 3956 տոննա ծիրան է մթերվել, մինչդեռ 2012-ի նույն ժամանակահատվածում այդ մթերված շիարնը կազմել էր 1944 տոննա: Գրեթե կրկնապատկվել է նաև ծիրանի արտահանումը. այս տարի արտահանվել է 12,243 տոննա ծիրան, իսկ նախորդ տարի արտահանված խիրանը եղել է 6,170 տոննա:
Հարցին, թե սպասելի՞ էր նախարարության համար նման քանակությամբ ծիրանի բերքը, փոխնախարարը դրական պատասխան տվեց: «Այո առատ բերք էր սպասվում»: Նշենք, որ մթերված ծիրանի 1կգ-ի դիմաց գործարանը վճարում է 50 դրամ:
Կարդացեք նաև՝
«Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք». Ծիրանը հերթի մեջ փչանում է, գյուղնախարարությունից ասում են՝ արտառոց բան չկա (տեսանյութ)
Մարդիկ մի քանի գիշեր մնացել են «Նոյան»-ի առաջ, բերքը փչանում է, ընդունող չկա (Լուսանկարներ, տեսանյութը` շուտով)
Լրագրողների այցից հետո «Նոյան»-ը սկսել է մթերել ծիրանը