Թե ինչպես Կապելլոն Մեսսիի եղբայրներին հեռացրեց պահեստայինների նստարանից (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել է աղմուկ հանած պատմության տեսագրությունը, որն արձանագրվել է Պերուում կայացած «Մեսսին ու իր ընկերները»-«Մնացած աշխարհի աստղերը» ֆուտբոլային բարեգործական հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելլոն, ով Մեսսիի թիմի մարզիչն էր, արգենտինացի ֆուտբոլիստի եղբայրներին հեռացրել է պահեստայինների նստարանից, ինչով զայրացրել է Լեոյին: Վերջինս անմիջապես փոխարինում է խնդրել ու հեռացել մարզադաշտից:
Թվում էր` ոչինչ չի կարող մթագնել համաշխարհային աստղերի մասնակցությամբ խաղը, որին, ի թիվս այլոց, մասնակցում էին նաև Մեսսին ու Նեյմարը: Շռայլ Լիոնելը Պերուի սոցիալապես անապահով երեխաներին նվիրեց մոտ 10 մլն եվրո: Այդ իրադարձությունը նշելու համար Մեսսիի անվան բարեգործական հիմնադրամը Պերուի Ազգային մարզադաշտում կազմակերպեց այդ հանդիպումը` համաշխարհային գերաստղերի մասնակցությամբ:
Մի թիմին անվանեցին «Մեսսին ու իր ընկերները», որի կազմում ընդգրկվեցին «Բարսելոնում» և Արգենտինայի հավաքականում Մեսսիի թիմակիցները, մյուսին` «Մնացած աշխարհի աստղերը»` Կոնֆեդերացիաների գավաթի վերջին խաղարկության գլխավոր աստղ Նեյմարի ղեկավարությամբ:
Նման ցուցադրական խաղերում մարզիչը խորհրդանշական դեմք է: Արդյունքը կարևոր չէ. դիրքավորիր ֆուտբոլիստներին, ինչպես ուզում ես, ժամանակ առ ժամանակ փոխարինումներ կատարիր: Այս խնդիրը ցանկացած ոք կարող էր լուծել: Սակայն կազմակերպիչները որոշեցին, որ աստղային նման թիմերին (ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 500,4 մլն եվրո) աստղային մարզիչներ են պետք:
Եվ դիմեցին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին: Իսկ մրցակից թիմի մարզիչը Զիկոն էր: Այսպիսով` Կապելլոն ընդամենը մեկ օրով դարձավ Մեսսիի մարզիչը:
Այն, որ լուրջ խաղ չի լինի, պարզ դարձավ հենց խաղասկզբում: Զիկոյի թիմը զրկվեց միակ դարպասապահից` Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարից, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ստացած վնասվածքի պատճառով որոշեց չմասնակցել հանդիպմանը: Դարպասի պաշտպանությունը վստահվեց… Մարկո Մատերացիին: Իտալացի հանրահայտ պաշտպանը, թվում է, առաջին անգամ կանգնեց դարպասում և մտադիր չէր ցատկել գնդակի հետևից: Որպես արդյունք` 5:0` առաջին խաղակեսից հետո` հօգուտ Մեսսիի թիմի, իսկ ինքը` Լեոն, դուբլի հեղինակ դարձավ:
Արդյունքում հանդիպումն ավարտվեց 8:5 հաշվով, իսկ նրա գլխավոր զարդը Նեյմարի գոլն էր գրեթե խաղադաշտի կենտրոնից: Մեսսին, ում պատվին կազմակերպվել էր այս խաղը, խաղադաշտից հեռացավ 66-րդ րոպեին: Հայտնի փաստ է, որ Լեոն երբեք փոխարինում չի խնդրում և նույնիսկ վնասվածքի դեպքում ձգտում է ավարտել հանդիպումը: Սակայն արդեն մի քանի ժամ հետո իտալական ԶԼՄ-ները բացատրեցին Լեոյի վարքագծի պատճառները: Ըստ «Mediaset» հեռուստաընկերության` Մեսսին ու Կապելլոն խաղի ընթացքում բախվել են: Պարզվում է` Ֆաբիո Կապելլոյին զայրացրել է այն փաստը, որ պահեստայինների նստարանին կողմնակի մարդիկ կան: Եվ ոստիկանությունը մարզչի պահանջով տեխնիկական գոտուց հեռացրել է Լիոնելի եղբայրներին` Ռոդրիգոյին ու Մաթիասին: Պահեստայինների նստարանից խաղը չկարողացան դիտել նաև Նեյմարի հայրն ու կոլումբիացի պաշտպան Մարիո Յեպեսի որդիները:
Եվ ինչպե՞ս դրան արձագանքեց Մեսսին: Երբ հասկացավ` ինչ է կատարվել, միանգամից փոխարինում խնդրեց: Արգենտինացին հեռացավ մարզադաշտից` նույնիսկ առանց բաղնիք մտնելու:
Մի կողմից` Ֆաբիոն ավելորդ է տաքացել, որովհետև կողմնակի մարդիկ հաստատ նրան չէին խանգարում ցուցադրական այդ խաղում, որում իտալացի մասնագետից գրեթե ոչինչ չէր պահանջվում: Հաշվի առնելով այն, որ խաղը Մեսսիի կողմն է կազմակերպել, կարելի էր և ներողամիտ լինել…
Մյուս կողմից` Կապելլոյի բնավորությունը ողջ աշխարհին է հայտնի: Նա խիստ է, համառ ու պահանջկոտ: Մի՞թե կազմակերպիչները չէին կարող ավելի շուտ խնդրել Կապելլոյին, ով տանել չի կարողանում անկարգությունները, որպեսզի Լիոնելի եղբայրները թույլտվություն ստանան` խաղին հետևելու պահեստայինների նստարանից:
Իսկ Մեսսիի արձագանքը շատ ավելի է զարմացնում. Նա այսպիսի թեթև պատճառով տաքացե՞լ է, երբ կարողանում է ավելի լարված խաղերում, ոտքերին բազմաթիվ հարվածներ ստանալով, հանգստություն պահպանել: Միանգամայն հնարավոր է, որ դեռ մինչև վերջ չգիտենք միջադեպի պատճառների մասին…
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում