Քաղաքապետին սպասելիս. Գրավաճառները չեն ուզում բռնել արտագաղթի ճանապարհը
«Երիտասարդական» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումից ամիսներ առաջ վտարված գրավաճառների շուրջ նոր սկանդալ է հասունանում: Ինչպես հիշում ենք` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրավաճառներին իրենց գործունեությունը ծավալելու նպատակով հատկացրեց գետնանցումի հարակից` Կամերային երաժշտության տան հարակից պուրակում հատված, որտեղ էլ մինչ օրս տարվում է շինարարություն: Գրավաճառները` թվով 24-ը, այստեղ իրականացրել են շինարարություն ըստ նախագծի և ինչպես պարզվեց նախօրեին` նաև որոշակիորեն ըստ բանավոր պայմանավորվածության, բայց երեկ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները հայտնվել են և փորձել քանդել կառուցածը: Գրավաճառներն էլ ահազանգել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով մեզ ներկայացրեց մանրամասները.
«Ահազանգի հետքերով պարզեցի, որ գրավաճառները ունեն նախագիծ, շինարարարության թույլտվություն, նաև բանավոր պայմանավորվածություն քաղաքապետարանի հետ: Անցած վեց ամիսներին, որ նրանք, փաստացի, անգործ են, մարդիկ բավականին գործ են արել, բայց քաղաքապետարանից եկել են ու ուզում են որոշակի հատված քանդել այն պատճառաբանությամբ, թե նախագծից շեղվել են և կանաչապատ հատվածին են անցել: Թեև, անկեղծ ասած, ես այնտեղ կանաչ տարածք չտեսա»,- Panorama.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով, եթե Երևանի քաղաքապետարանում այդքան մտահոգված են կանաչապատ տարածքների պահպանմամբ, ապա «թող ճիշտ հասցեով գնան ու կանխեն խայտառակությունը»:
«Նոր Նորքի Մոլդովական փողոցում, «Անելիք» բանկի հարող տարածքում հրաշալի պուրակ կար, գրեթե ամբողջապես սաղարթախիտ ծառերով պատված: Սակայն ես ականատեսը դարձա այն պատկերի, որ այդ սաղարթախիտ պուրակից գրեթե ոչինչ չի մնացել. այն վերածվել է դաշտավայրի` միայն մի քանի ծառ են թողել: Ինչպես ինձ փոխանցեցին, տարածքը հատկացվելու է ինչ-որ մեկին` այդտեղ սրճարան կառուցելու նպատակով, ու այդ մի քանի ծառը երևի թողել են սրճարանի այցելուների զովն ու հովը ապահովելու համար: Եթե այդքան մտահոգ են կանաչապատ տարածքներով կարող են այդ հարցով զբաղվել, որն ավելի ակտուալ է իմ կարծիքով»,- տեղեկացրեց պատգամավորը:
Վերադառնալով գրավաճառների խնդրին, Ն.Զոհրաբյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առկա նախագծից շեղվելը ընդունել են նաև գրավաճառները և խոստացել վերականգնել այդ հատվածը, թեև այդտեղ կանաչապատ տարածք, ըստ մեր զրուցակցի, չկար` հող էր:
«Քանի որ քաղաքապետը Հայաստանում չէ, ապա մենք առաջարկեցինք սպասել մինչ նրա վերադարձը և եթե չեն գա համաձայնության, ապա կարող են ավելացված փոքր տարածքը` մի քանի սանտիմետր քանդել: Կարծում եմ չորս-հինգ օրը ոչինչ չի փոխելու, և քաղաքապետարանից կարող են սպասել»,- ընդգծեց նա:
Ն.Զոհրաբյանը ընդգծեց նաև, որ` ցանկացած լուծում պետք է տեղավորվի տրամաբանության մեջ, քանի որ շինարարություն անելու համար այս մարդիկ վարկ են վերցրել, պարտք արել, նրանց հնարավորությունները չեն ներում նման ֆինանսական միջոցներ ունենալ ու առանց պարտքի շինարարություն իրականացնել: Նաև հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ մի քանի ամիս այս ընտանիքները աշխատելու հնարավորությունից են զրկված եղել:
«Չի կարելի մարդկանց դնել նման իրավիճակի մեջ, երբ մարդիկ միլիոնավոր վարկերով չիմանան ինչ անեն հիմա: Նրանք ասում են, որ չեն ուզում արտագաղթողների շարքերը համալրել, բայց եթե ամեն ինչ արվի այնպես, ինչը երեկ կանխվեց, ապա շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ լինի»,- ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը ու հավելեց, որ հետամուտ են լինելու խնդրի լուծմանը: