Երևանի օրեր Սանկտ Պետերբուրգում. արքայանիստ քաղաքը չի մոռացել անվանի հայերին՝ Վիկտոր Համբարձումյան և Արմեն Թախտաջյան
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը:
Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց շարքում գերակշռում էին ակադեմիկոսի գործընկերներն ու մտերիմները, իրենց խոսքում արձանագրել են, որ Արմեն Թախտաջյանն իսկապես անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին իսկապես արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում:
Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միջոցառմանը մասնակցելու համար:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են նաև, որ Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն:
Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները:
Հարկ է նշել, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը 1939-1941թթ. հանդիսացել է համալսարանի պրոռեկտորը, իսկ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը երկար տարիներ դասավանդել է համալսարանում:
Ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հավաստմամբ` դիմանկարների զետեղումը նախասենյակում յուրովի հարգանքի տուրք է այն մեծ ավանդին, որ հայազգի երկու ակադեմիկոսներն ունեցել են համալսարանի պատմության մեջ:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանում, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան