Դեռահասին ձերբակալել են «Facebook»-ում արված գրառման համար
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում «Facebook» սոցիալական ցանցում գրառում կատարելու համար ձերբակալվել է 19-ամյա Ջասթին Քարթերը: Տղայի հոր խոսքերով` վերջինս բանտում դաժան ծեծի է ենթարկվել:
Այս մասին հայտնում է ամերիկյան «RT.com» լրատվական կայքը:
ԱՄՆ-ի Հանրային ռադիոյի հետ զրույցում տղայի հայրն ասել է. «Չանդրադառնալով հիրավի սահմռկեցուցիչ մանրամասներին` ասեմ, որ տղաս ուղեղի ցնցում է ստացել, ինչի արդյունքում աչքերի տակ արտահայտիչ կապտուկներ են առաջացել: Նրան մի քանի օր պահել են մեկուսարանում, ինչը շատ սթրեսային էր երեխայի համար, և նա հիմա դեպրեսիվ վիճակում է»:
Ինչպես նշում է կայքը` բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունքը նորություն չէ, սակայն առիթը, որի արդյունքում Ջասթինը կարող է 8 տարի բանտում անցկացնել աննախադեպ է: Տղայի ձերբակալության պատճառը մարտ ամսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հետ զրույցի ժամանակ իր գրած մեկնաբանությունն է:
Ջասթին Քարթերը մարտական համակարգչային խաղերի սիրահար է, և այս թեմայով ծավալված զորւյցի ժամանակ օգտատերերից մեկը, Ջասթինին դիմելով, ասել է. «Դու խենթ ես, դու գլխից հիվանդ ես», ինչին Ջասթինը սարկաստիկ, կատակային պատասխան է տվել. «Այո, ես գլխից հիվանդ եմ. ես պատրաստվում եմ գնալ և երեխաներով լի ամբողջ դպրոց գնդակահարել, իսկ հետո ուտել այդ երեխաների դեռ բաբախող սրտերը»: Ինչպես նշում է տղայի հայրը` նա այդ արտահայտությունն ավարտել է «LOL» և «JK» նշաններով, ինչն ինտերնետային լեզվով նշանակում է համապատասխանաբար` ծիծաղ և «ես պարզապես կատակում եմ»: Քարթերի զրուցակիցն անհանգստացել է տղայի այս արտահայտությունից և դիմել պատկան մարմիններին:
Տղայի հոր` Ջեք Քարթերի խոսքերով` իր որդին ներկայումս շատ վախեցած և հուսալքված վիճակում է: