Հ.Նաղդալյան. Դա բացարձակ պատվեր էր, այն էլ վճարովի և այդ մասին վկայում է այն փաստը, որ տիկինը նախապես ձայնագրիչը միացրել էր
«Ես դահլիճ մտա այն պահին, երբ օմբուդսմեն տիկինը համարյա ավարտում էր ոգևորված և զրնգուն ձայնով իր տեքստի ընթերցանությունը, որից հետո ձայնին անտարբեր տոնայնություն հաղորդելով՝ որոշեց մի քանի բառ էլ ասել Մոլդովայում մարդու իրավունքի վիճակի մասին, բայց իր ողջ ժամանակը սպառվել էր հայերիս մասին խոսելով: Ակնհայտ էր բոլոր ներկաների համար, որ սա արդեն իր համար երկրորդական թեմա էր: Այսինքն՝ կարծում եմ, որ տիկնոջ Հայաստան այցի և այդ ելույթի ողջ ինտրիգը հենց հայ-ադրբեջանական թեման հնչեցնելն էր»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանեց նախօրեի աղմկահարույց միջադեպը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք նախօրեին Ազգային Ժողովում միջազգային խորհրդաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ Մոլդովան ներկայացնող փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն ի պաշտպանություն Արդբեջանի ելույթ է ունեցել, որում Հայաստանը որակել է իբրև «ագրեսոր», որն էլ անմիջապես արձագանք է ստացել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և ՍԴ նախագահի կողմից:
Հերմինե Նաղդալյանի խոսքով` իրապես գաղափարը հետաքրքիր էր, որովհետև դահլիճում ներկա հայերը կամ պետք է հակահարված տային և այդ դեպքում կներկայանային միջազգային հանրությանը որպես ոչ տոլերանտ, անհանդուրժող, ոչ ժողովրդավար տեսքով, կամ էլ այդ գաղափարներով պարտադրված պետք է լռեին և անպատասխան թողնեին բացարձակ ստոր մեղադրանքները: Երկու դեպքում էլ, ըստ մեր զրուցակցի, գաղափարի կազմակերպիչները կարող էին իրենց բավարարված զգալ. «Հնչեցին մեզ համար անընդունելի արտահայտություններ՝ «օկուպացված տարածքներ», «մեկ միլիոն փախստական Լեռնային Ղարաբաղից», «Խոջալուի ցեղասպանություն», և այլն: Բնականաբար, անհանդուրժելի էր նման վերաբերմունքը, և այդքան ստահոդ լուրերի վերարտադրումը, որով, որպես կանոն, զբաղվում են միայն Ադրբեջանը, և Ադրբեջանի վարձկանները: Պարզ էր, որ Մոլդովայի ներկայացուցիչը եկել էր Հայաստան հատուկ գերխնդրով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը ու ավելացրեց, որ որպես Մոլդովայի օմբուդսմեն տիկինը կարող էր իր ելույթի հիմնական ժամանակը և հիմնական թեմատիկան նվիրել իրենց երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանությանը կամ խնդիրներին կամ էլ թե չէ Մերձդնեստրովյան հակամարտությանը և ոչ թե Լեռնային Ղարաբաղին:
Մինչդեռ բոլորովին այլ պատկերի ականատես եղանք. «Բնականաբար, մեզ հատուկ ժողովրդավար կեցվածքը , տոլերանտ վերաբերմունքը և նաև տանտիրոջ դաստիարակվածությունը թույլ չէին տալիս, որ պատասխանը հնչեցվեր ավելի ծավալուն, մանրամասն և անհրաժեշտ շեշտադրումներով (թեև կուզեի ավելին ասել): Իր ելույթից հետո ձայն վերցրեցի և արձագանքիս մեջ հիմնականում շեշտը դրեցի այն հանգամանքի վրա, որ սա բացարձակ պատվեր է, կարծում եմ՝ վճարովի: Այդ մասին խոսում էր նաև այն փաստը, որ տիկինը նախապես ձայնագրիչը միացրել էր, որպեսզի ձայնագրի իր խոսքը: Նորից եմ ուզում փաստել, որ այդ վարքագիծը բացարձակ սադրանք էր և հարիր չէր օմբուդսմենի կերպարին»,- ընդգծեց Հ.Նաղդալյանը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ իր խոսքում նշել է այդ մասին` բացի նրանից որ տեղի ունեցածը վկայում է պատվեր լինելու մասին, դա նաև բացարձակ սուտ է, որովհետև, եթե որևէ մեկը ցանկանում է տեղեկատվություն ունենալ, ապա այն հետևյալն է` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում 90- ականների սկզբներին բնակվել է ընդամենը 185 հազար բնակչություն, այդ թվում և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ. «Այսինքն հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղից եղել են 1 մլն. փախստականներ, դա, ինչպես կասեին, պոչով-պոզով սուտ է, և այդ սուտը հարիր է միայն ազերիների հիվանդ երևակայությանը: Նաև ուզում եմ ասել, որ ԵԽԽՎ բազմաթիվ զեկույցների մեջ մանրամասն նշված են, թե քանի փախստական, քանի բնակավայրից ինչ ճակատագիր են ունեցել, ուր են գնացել և այլն, և այսօր այս մասին այստեղ շոուներ սարքելը պարզապես անընդունելի մի բան է, ոչ սազական նախ օմբուդսմենների հանրությանը, և ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի կողմից նախաձեռնած այս բարձր հեղինակավոր կոնֆերանսին, որի նյութն ու թեման բացարձակապես այլ էր ու սրան չէր վերաբերում»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:
Նախորդիվ` Մոլդովացի փաստաբանը Հայաստանի խորհրդարանում Հայաստանն անվանել է «ագրեսոր». Նրան լռեցրել են ԱԺ փոխխոսնակն ու ՍԴ նախագահը