Իրավագիտական գիտությունների դոցենտ. Մարդու իրավունքները խախտվում են հենց գործադիր մարմինների կողմից
Այսօր Հայաստանում հիմնականում խախտվում է Սահմանադրության երկրորդ գլխում ընդգրկված նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին ու ազատություններին: Ասուլիսում նման դիտարկում արեց իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյանը:
Ըստ նրա, մարդու իրավունքներն ու ազատությունների հիմնարար սկզբունքները խախտվում են հենց գործադիր մարմինների կողմից: Իրավաբանը նշեց, որ հասարակ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց` իրենց իրավունքների, լիազորությունների մասին անիրազեկվածությունը շատ դեպքերում բերում է իշխանության կողմից ամենաթողության:
Ասուլիսին ներկա պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանն էլ մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի ահմանադրության պատմությունը, որը, ըստ նրա, գալիս է դեռևս 18-րդ դարից, երբ Մադրասում 1772թ. լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակգիրքը», այնուհետև` 1773 թ.` Շահամիր Շահամիրյանը «Որոգայթ փառաց» գիրքը: Նա ընդգծեց, որ «Որոգայթ փառացը» համարվում է Հայաստանի Սահմանադրության առաջին նախագիծը: «Որոգայթ փառաց» գիրքը նման է եվրոպական մտածողության արժեհամակարգին: Այնտեղ ընդգծվում է, որ երկիրը պետք է հիմնված լինի սահմանադրության վրա:
Նա առանձնացրեց «Որոգայթ փառաց»-ում ներկայացված մի դրույթ, ըստ որի` հողը չի կարելի վարձակալության տալ օտարներին, այն բացառապես պետք է տրվի Հայաստանի քաղաքացիներին: Ընդհանրապես, ըստ պատմաբանի, «Որոգայթ փառաց»-ում շատ հստակ նշված է պետական համակարգի դրույթները, բանակի կազմակերպումը: «Այդ ժամանակվա համար այն իր դեմոկրատական արժեքներով, հումանիտար բնույթով Եվրոպայում ու ողջ աշխարհում առաջատար էր»,- նշեց Գ. Մելքոնյանը:
Էդգար Շաթիրյանը նշեց, որ Սահմանադրությունը գաղափարական փաստաթուղթ է, հանրային իշխանության լեգիտիմության հիմքն է, պետության իրավական համակարգի միջուկն է:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: 2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն էր առաջացրել որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չէր ընդունվել: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի է դրվել 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են