Մանասերյանը լավատես է. Իրան– Հայաստան երկաթուղու ծրագիրը կյանքի կկոչվի
Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց ավելի քան 17 մլն դրամով նվազեցնել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Նշենք, որ այս ընկերությունն է իրականացնելու Իրան– Հայաստան երկաթուղու շինարարությունն իրականացնելու համար:
«Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 53368.5 հազար դրամ` 141 հատ 378.5 հազար դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր»,-ասված է կառավարության որոշման մեջ:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կանոնադրական կապիտալի նվազեցումը մեծ խնդիր չի առաջացնի նախագծի իրականացման գործում: «Որոշումը կարող է կապված լինել ֆինանսական խնդիրների, կառավարման արդյունավետության հետ»,-ասաց Մանասերյանը` չբացառելով, որ կրճատումն արվել է վերահաշվարկի արդյունքում:
Նրա խոսքով, հնարավոր է ապագայում, երբ արդեն սկսվեն շինարարական աշխատանքները, կանոնադրական կապիտալը կրկին ավելացնեն: «Այսինքն այս փուլում, երբ ակտիվ շինարարություն չի իրականացվում, ենթադրում եմ, որ կարիք չկա ավելի ուռճացված ծախսեր ներգրավել»,-ասաց նա:
Մանասերյանը նկատեց, որ լուրջ խնդիր դա չի առաջացնի, ու համոզմունք հայտնեց, որ ռազմավարական նշանակության ծրագիրն անպայման իրանականություն կդառնա: «Ես լավատես եմ, դա մեզ համար ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող ծրագիր է, ու կարծում եմ, որ այս պայմաններում այն այլընտրանք չունի»,-ասաց տնտեսագետը:
Մասնագետները պնդում են, որ երկաթուղու կառուցումը էական առաջընթաց կբերի Հայաստանի տնտեսությանը: Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ նախորդ տարեվերջին հայտնել էր, որ մոտ ապագայում սկսվելու է երկաթուղու տեխնիկական ուսումնասիրությունը:
Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց օժանդակել Հայաստանին երկաթուղու կառուցման հարցում, ստեղծված է աշխատանքային խումբ: