«Երաժշտության շաբաթ Երևանում». Տարբեր ոճերի երաժշտություն` մեկ փառատոնի շրջանակներում
Ազգային, ռոք, դասական, ջազ, էստրադա… Ժանրային տարբեր ուղղվածություն մեկ փառատոնի շրջանակներում: Սեպտեմբերի 23-29-ը Երևանում անցկացվելու է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Forpostart Production-ի հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Մարիա Ղուկասյանը:
Փառատոնի պրոդյուսերն է Մոսկվայում գործունեություն ծավալող «Ֆորպոստ» ընկերության հիմնադիր Զարինե Մխեյանը, համապրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորն է հայտնի շոումեն Էմիլ Կարատը: Փառատոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Երկու տարի է տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Կազմակերպիչներն ամեն ինչ նախապես ծրագրել են, որպեսզի հայ հանդիսատեսին մատուցվի որակյալ երաժշտություն` համեմված գեղեցիկ բեմականացմամբ»,- ասաց Մ. Ղուկասյանը` հավելելով, որ երաժշտական ծրագրերի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ դրանք նաև իրենց ձևաչափով գրավիչ ստեղծագործական հանդիպումներ են: Կազմակերպիչները հոգում են ձայնային ու լուսային բոլոր խնդիրները: «Զառա Մխեյանը մեծ պատասխանավտվությամբ է պատրաստվում այս փառատոնին»,- նշեց նա:
Ըստ Մ. Ղուկասյանի, փառատոնը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, որի հիմնական նպատակն է բացահայտել մեր երկրի, սփյուռքի, ինչպես նաև այլ երկրների երաժշտական լավագույն կատարողներին, որոնք մնում են էկրանից այն կողմ:
Սեպտեմբերի 24-ին տեղի է ունենալու ազգային երգի օր, որը նվիրված է լինելու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին: «Երգչուհին մշտապես բարձրակարգ երաժշտություն է մատուցել, նման ձևով կփորձենք ամեն ինչ անել, որ դահլիճում զգացվի Ֆլորա Մարտիրոսյանի շունչը»,- նշեց Մ. Ղուկասյանը:
Սեպտեմբերի 25-ին կայանալու է ռոք համերգ` «Դորիանս» խմբի մասնակցությամբ: Հաջորդ օրը կայանալիք դասական համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու դաշնակահարներ Վազգեն Մանուկյան և ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Պոլտավցևը: Համերգը նվիրվելու է Ս. Ռախմանինովի 140-ամյակին:
Ջազ համերգին ելույթ են ունենալու Մարիամ և «Мирайф» խումբը, հատուկ հյուրերն են լինելու` Լևոն Մալխասյանը, Արմեն Ուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը:
Էստրադային համերգին ելույթ է ունենալու Էռնա Յուզբաշյանը, իսկ որպես հյուր համերգին ներկա է լինելու Արթուր Գրիգորյանը: Լինելու են նաև պրեմիերաներ:
Սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու գալա համերգը, որի ընթացքում հանդես են գալու փառատոնին մասնակցած բոլոր երգիչ-երգչուհիներ: Նախքան համերգների սկիզբը իր յուրօրինակ թոք-շոուով հանդես է գալու Էմիլ Կարատը:
Համերգները կայանալու են Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ գալա համերգը` Ազատության հրապարակում:
«Երաժշտության շաբաթը Երևանում» փառատոնի շրջանակներում բացի համերգային ծրագրից, նախատեսված են ձայնասկավառակների շնորհանդեսներ, նորաձևության օր, երիտասարդ ստեղծագործողների օր, գրքերի շնորհանդեսներ: