Ս. Նիկոյան. Սահմանադրությունն այն փաստաթուղթը չի, որ հաճախակի ենթարկվի փոփոխությունների
«Կարծում եմ, մեր Սահմանադրությունը, որը փոփոխության ենթարկվեց 2005 թվականին, խորը կշռադատված, բազմակողմանի ուսումնասիրված փաստաթուղթ է: Այն կազմվել և ընդունվել է սահմանադրական իրավունքի զարգացման համաշխարհային փորձն ուսումնասիրելուց և մեր պետական կառուցվածքին հարմարեցվելուց հետո»,- անդրադառնալով Սահմանադրության օրվան, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
«Ես կարծում եմ, որ Սահմանադրությունն ամբողջովին համապատասխանում է մեր պետական կառուցվածքին և կարողանում է կարգավորել հասարակություն-պետություն հարաբերությունները, ինչպես նաև հստակ սահմանում և կարգավորում է իշխանության տարբեր ճյուղերի փոխադարձ զսպումների և հավասարակշռության մեխանիզմը, սահմանում է մարդու իրավունքների ու ազատությունների ամբողջ սխեման:
Յուրաքանչյուր պետության համար Սահմանադրության օրը տոնակատարություն է, քանի որ միայն անկախ պետությունը կարող է ունենալ սահմանադրություն: Մեր մայր օրենքը պատասխանում է բոլոր այն հարցապնդումներին, որոնք կան այդ դաշտում մեր պետության առջև:
Ինչպես յուրաքաչյուր օրենք, այնպես էլ մայր օրենքը, վերջնականապես հաստատված փաստաթուղթ չի: Յուրաքանչյուր երկրում էլ լինում են Սահմանադրական փոփոխություններ, բայց մյուս կողմից էլ Սահմանադրությունն այն փաստաթուղթը չի, որ հաճախակի ենթարկվի փոփոխությունների: Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը կարող է կապված լինել պետության կառավարման համակարգի փոփոխության հետ:
Եթե մենք ցանկություն ենք հայտնում ունենալ ոչ թե կիսանախագահական կառավարման համակարգ, այլ պառլամենտական կամ ամբողջովին նախագահական, այդ դեպքում, իհարկե, տվյալ քաղաքական խնդիրը պետք է սահմանադրական ձևակերպում ստանա»,- հավելեց Ս. Նիկոյանը: