Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները պետք է վերադարձվեն Հայաստանին. Գլխավոր դատախազ
Հայաստանի Առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: Այդ մասին այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Բացի այդ, ըստ դատախազի, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան: Եվ այդ բոլոր ներկայացվող պահանջները, նրա խոսքով, պետք է ունենան իրավական անթերի հիմնավորումներ:
Նա հիշեցրեց, որ դեռ 2007-ին միջազգային ապահովագրական ընկերությունները սկսել էին ապահովագրական վճարներ վճարել Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձածների ժառանգներին, սակայն այդ գործընթացը նաև Թուրքիայի ճնշումների ազդեցությամբ կանգ առավ: «Սակայն եթե մենք իրավաբանորեն հիմնավորված, անվիճելի փաստարկների տիրապետեինք, այդ գործընթացը տրամաբանական ավարտ կունենար»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական այդպես էլ չստացված հարաբերություններին, Հովսեփյանն ասաց, որ դրանք «դոփում են տեղում»: «Եվ չնայած, բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, մենք ոչ մի շոշափելի արդյունքի չենք հասել: Համոզված եմ, որ նույն իրավիճակում կհայտնվենք նաև մեկ հարյուրամյակ հետո: Եվ նման իրավիճակի պատճառը միայն Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները չեն: Իմ խորին համոզմամբ, պատճառը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումն է»,- հայտարարեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում