Վենեսուելան և Նիկարագուան մտադիր են քաղաքական ապաստան տալ Սնոուդենին
Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներ Նիկոլաս Մադուրոն և Դանիել Օրտեգան հայտարարել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին:
«Ռոյթերզը» հաղորդում է, որ լատինաամերիկյան այդ երկրների առաջնորդները ամերիկացուց ստացել են համապատասխան հարցում և պատրաստ են բավարարել նրա խնդրանքը:
«Որպես Վենեսուելայի ղեկավար ես որոշում եմ ընդունել մարդասիրական ապաստան տրամադրել երիտասարդ ամերիկացի Սնոուդենին, որպեզի նա կարողանա գալ Բոլիվարի ու Չավեսի հայրենիք, թաքնվելով ԱՄՆ հետապնդումներից»,-հայտարարել է Մադուրոն՝ ելույթ ունենալով երկրի անկախության տոնին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մադուրոյի կարծիքով, Սնոուդենն ընդամենը ճշմարտությունն է ասել:
Դրանից քիչ առաջ Դանիել Օրտեգան հայտարարել էր, որ Սնոուդենից ստացել է ապաստան տրամադրելու դիմում և մտադիր է բավարարել նրա խնդրանքը:
Wikileaks կայքն ավելի վաղ հրպարակել էր 21 երկրների ցանկ, որտեղ քաղաքական ապաստան ստանալու դիմում էր ուղարկել Սնոուդենը: Բացի եվրոպական երկրներից, ցանկում են Կուբան, Բոլիվիան, Էկվադորը, Նիկարագուան և Չինաստանը: Մոտ մեկ տասնյակ երկրներ արդեն պաշտոնապես հարաժարվել են քաղաքական ապաստան տալ Է. Սնոուդենին:
Էդուարդ Սնոուդենը հունիսի 24-ից գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ամերիկացին չի կարող հետագա երթուղի ընտրել, քանի որ հստակություն չկա որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու հեռանկարի հարցում, իսկ ֆորմալ առումով, նա չունի անձնագիր, որն անվավեր էր ճանաչվել ամերիկյան իշխանությունների կողմից: